Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստացել է 117 նոր մետաղական աղբամաններ՝ 1100 լիտր տարողությամբ, որոնք պատվիրվել են դեռևս այս տարվա հունիսին, և արդեն սկսել է դրանք բաշխել ամբողջ քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում: Ախալքալաքի քաղաքապետարանը աղբամանների գնման համար հատկացրել է 167 778 լարի:
Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով՝ քաղաքում տեղադրվում են նոր աղբամաններ՝ հները փոխարինելու համար, իսկ հները, լվացվելուց և վերանորոգվելուց հետո, կտեղադրվեն գյուղերում։
«Գյուղերում մենք կավելացնենք աղբամաններն այնտեղ, որտեղ դրանց քանակը բավարար չէ։ Բնակչությունը հաճախ չի վճարում աղբահանության դիմաց, եթե աղբամանները գտնվում են իրենց տներից հեռու։ Մենք ցանկանում ենք բոլոր գյուղերին ապահովել անհրաժեշտ քանակությամբ աղբարկղերով՝ յուրաքանչյուր բնակչից բաժանորդավճարը հավաքելու համար», — նշեց Ռստակյանը։
Հաշվի առնելով ընթացիկ գնումը, սպասարկման կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել ընդհանուր առմամբ 480 աղբաման։
Այժմ Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության վճարը մեկ անձի համար ամսական 50 թեթրի է։ Չորս կամ ավելի անդամներից բաղկացած ընտանիքների համար վճարը ֆիքսված է 2 լարիի չափով։ Վճարը գանձում են վերահսկիչները, որոնք ստանում են հավաքված գումարի 30%-ը։
Կանոնավոր աղբահանություն (2-3 օրը մեկ) իրականացվում է բոլոր գյուղերում, որտեղ տեղադրված են աղբարկղեր։ Դրանց թվում են՝ Խանդոն, Գոմանը, Դադեշը, Բալխոն, Խուլգումոն, Խոսպիոն, Մարտունին, Կուլիկամը, Մուրջախեթը, Տուրցխը, Դիլիսկան, Չամդուրան, Բարալեթը, Լոմատուրցխը, Բավրան, Կորխը, Թոթխամը, Մաջադիան, Բուղաշենը, Ղադոլարը, Օրջան, Կարտիկամը, Ֆիլիպովկան։