Հասարակություննորություններ 23 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքում նոր մանկապարտեզի շահագործումը հարցականի տակ է

Սեպտեմբերին Ախալքալաքի քաղաքի թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) տարածքում նոր մանկապարտեզի բացումը ձախողման վտանգի տակ է։ Հաստատությունը, որին սպասում են տասնյակ նախադպրոցական տարիքի երեխաներ, դեռևս չի հանձնվել շահագործման։

Հուլիսի 11-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն Jnews-ին հայտնել էր, որ շինարարության ընթացքում որոշ թերություններ են հայտնաբերվել, սակայն դրանք արդեն շտկվել են, և մնում է սպասել հանձնաժողովի եզրակացությանը: Այդ ժամանակ  Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը հույս էր հայտնել, որ մանկապարտեզը կսկսի գործել սեպտեմբերին:

Սակայն այժմ պարզ է, որ բացումն ամսվա սկզբին տեղի չի ունենա։ Գործընթացի ուշացումը հարցեր է առաջացնում, քանի որ, մեր տեղեկություններով, հանձնաժողովը բազմիցս հայտնաբերել է թերություններ, որոնք կապալառուն վստահեցրել է, որ վերացրել է։

Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանում է, որ հանձնաժողովը կրկին թերություններ է հայտնաբերել, և կապալառուները այժմ շտկում են դրանք։

«Մենք ևս հույս ունենք, որ մանկապարտեզը կբացենք մինչև սեպտեմբերի 15-ը», — ասել է նա։

Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ շինարարական խնդիրներից բացի, նրանք նաև կահույքի առաքմանն են սպասում։

«Խոստացել են այն առաքել մինչև սեպտեմբերի 10-ը։ Եթե դա տեղի ունենա, ապա մենք կարող ենք բացվել 15-ին։ Չնայած չեմ կարող ճշգրիտ ամսաթիվ նշել՝ դա կարող է լինել հոկտեմբերի 1-ը։ Ամեն ինչ պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին», — ասաց նա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումն այս տարի ստացել է ընդունելության 41 հայտադիմում՝ նախորդ տարվա 65-ի դիմաց: Նախադպրոցական տարիքի ընդհանուր 106 երեխա սպասում է նոր մանկապարտեզի բացմանը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝