նորություններ 22 Օգոստոսի, 2025 • «Նման բան, որ մի քանի շուն հարձակվի մեկ մարդու վրա, նախկինում տեղի չի ունեցել»

Վերջերս Ախալքալաքում ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ միանգամից մի քանի շներ, մարդուն գետնին տապալելուց հետո, կծել են նրա գլխի և վերջույթների հատվածում: Շների հարձակումների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ախալքալաքի գյուղերից: Միևնույն ժամանակ, ոչ միայն գյուղերում, այլև քաղաքում ոչ ոք չի բռնում կամ ստերջացնում շներին:
Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 20-ը մունիցիպալիտետում գրանցվել է 97 կծոց: Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում բնակիչները վախենում են դուրս գալ կամ իրենց երեխաներին մենակ թողնել: Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կծոցներից տուժել է 18 տարեկանից փոքր 25 երեխա:

«Մենք ունեցել ենք դեպք, երբ մարդուն կծող շունը սատկել է 10-րդ օրը։ Մենք ուղարկել ենք անալիզեր, և հենց այսօր ստացել ենք արդյունքները՝ կատաղություն չկար։ Եղել են դեպքեր, երբ մեկ շունը բազմիցս կծել է բնակիչներին, բայց որ մի քանի շուն հարձակվեր մեկ մարդու վրա՝ նման բան նախկինում տեղի չի ունեցել։ Այս տարի ավելի շատ հարձակումներ են գրանցվել, քան անցյալ տարի՝ 97 դեպք 7-8 ամսվա ընթացքում», — ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Անկախ նրանից, թե որքան շատ հարձակումներ և բողոքներ կան, թափառող շների և քաղաքացիների անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է չլուծված։ Մեկ տարի ութ ամսվա ընթացքում Ախալքալաքը չի կարողացել իրականացնել անցյալ տարվա մրցույթը, որի համաձայն պետք է բռնվեր և ստերջացվեր ընդամենը 142 շուն։ Չնայած խնդրի մասշտաբները շատ ավելի լայն են՝ խոսքը հարյուր շան մասին չէ։ Այս տարվա մրցույթը նույնպես չկայացավ։

Մինչդեռ, Վրաստանի կառավարության որոշման համաձայն, Ազգային սննդի գործակալությունը, որը համակարգվում է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից, մեկնարկել է անօթևան և ապաստարանային կենդանիների (շների և կատուների) պոպուլյացիայի կառավարման փորձնական ծրագիր: Գործակալության տվյալներով՝ այս փուլում ծրագիրը ներառում է միայն Աջարիայի, Իմերեթիի և Կախեթիի շրջանները:

Այս փորձնական ծրագիրն իրականացվում է վերոնշյալ երեք շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է բռնել 9000 անօթևան և ապաստարանում գտնվող կենդանիներ և ժամանակավորապես տեղավորել դրանք տեղական իշխանությունների կողմից նախանշված ապաստարաններում՝ անհրաժեշտ ընթացակարգերն անցնելու համար: Նախագիծն իրականացնելու համար գործակալությունը ձեռք է բերել 20 մեքենա՝ հագեցած օդափոխության համակարգերով, ճաղավանդակներով, դեղորայքով և անհրաժեշտ սարքավորումներով: Այն նաև վարձել է 40 լրացուցիչ աշխատակից՝ 20 բրիգադների կազմում աշխատելու համար:

Հուլիսի 29-ից օգոստոսի 18-ը ծրագրի շրջանակներում բռնվել և Աջարիայի, Իմերեթիի և Կախեթիի շրջանների ապաստարաններ է տեղափոխվել 701 կենդանի։ Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ իրականացվել են հետևյալ միջոցառումները՝

• 701 շուն պատվաստվել է կատաղության դեմ։

• 673 շուն նույնականացվել և պիտակավորվել է (նրանցից 28-ը՝ նախկինում այլ կազմակերպությունների կողմից)։

• 553 շուն ստերջացվել/կաստրացվել է և վերադարձվել բնական միջավայր։

• 148 շուն աստիճանաբար կվերադարձվի անասնաբուժական ընթացակարգերի ավարտից հետո։

Վրաստանն ունի 9 շրջան, բայց ծրագիրն իրականացվում է միայն երեքում՝ ամենազբոսաշրջային շրջաններում։ Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիի շրջանին, որտեղ չկան անօթևան կենդանիների հարցերով զբաղվող կազմակերպություններ կամ ապաստարաններ, իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Սամցխե-Ջավախեթիի մեջ է մտնում նաև Ախալքալաքի մունիցիպալիտետը, որտեղ շներին բռնելու համար տարեկան հատկացվում է 26,000 լարի։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այդ նպատակների համար ընդհանրապես միջոցներ չեն հատկացվում, բայց արդյունքը նույնն է՝ անօթևան շները բազմանում են և տառապում են սննդի պակասից, իսկ մարդիկ վախենում են զբոսնել իրենց քաղաքում/գյուղում, քանի որ կարող են հանդիպել քաղցից ագրեսիվ դարձած շան։

Այս պահին Վրաստանում անօթևան շների խնդիրն ընդհանուր առմամբ լուծված է հետևյալ կերպ. կենդանիները ենթարկվում են ստերջացման/ամորձատման, ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական զննման ապաստարաններում, անհրաժեշտության դեպքում՝ կատաղության դեմ պատվաստման, ինչպես նաև նույնականացման և գրանցման ընթացակարգերի: Բոլոր անասնաբուժական ընթացակարգերից հետո հատուկ պատրաստված անձնակազմը կենդանիներին վերադարձնում է իրենց բնական միջավայր: Պետք է նշել, որ այս մեթոդը Վրաստանում կիրառվում է մի քանի տարի, բայց առանց էական արդյունքների: Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ այս գործընթացում ներգրավված առանձին կազմակերպությունները պարզապես չեն կարողանում հաղթահարել աշխատանքի ծավալը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝