Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ռմբակոծության պատճառով Լեհաստանը ակտիվացրել է իր ավիացիան և օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ։
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ըստ գործող ընթացակարգերի, զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մոբիլիզացրել է բոլոր առկա ուժերն ու ռեսուրսները։ Լիարժեք մարտական պատրաստության մեջ գտնվող երկու կործանիչ է բարձրացվել, իսկ հակաօդային պաշտպանության և ռադարային հետախուզության համակարգերը տեղափոխվել են բարձր պատրաստվածության մակարդակի», — ասվում է տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունը նաև բացատրել է, որ ձեռնարկված միջոցառումների նպատակն է ապահովել Լեհաստանի տարածքի և նրա քաղաքացիների անվտանգությունը։
Օգոստոսի 21-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Երկրի մեծ մասում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է Զակարպատյա մարզի Մուկաչևո քաղաքում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերին հղում անելով՝ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է 614 օդային հարձակման օբյեկտներով։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են 577 ռուսական թիրախ։
Գործակալության հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանն Ուկրաինայի տարածք է արձակել 574 անօդաչու թռչող սարք, 4 «Կինժալ» հրթիռ, 2 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 19 «Խ-101» թևավոր հրթիռ, 14 «Կալիբր» թևավոր հրթիռ և 1 չճշտված տեսակի հրթիռ։
Հարվածները գրանցվել են 11 վայրերում։