Արդեն մեկ տարի է, ինչ Ախալքալաքի Նազարեթյան փողոցի տվյալ հատվածը մնում է անփոփոխ վիճակում։ Ջրատար խողովակների անցկացման նպատակով տեղ-տեղ կտրել և փորել են ասֆալտը, սակայն մինչ օրս ճանապարհը չի վերանորոգվել։ Ժամանակի ընթացքում ճանապարհահատվածը նույնիսկ սկսել է ծածկվել կանաչով։
Նազարեթյան փողոցի բնակիչների խոսքերով՝ խնդիրը երկար ժամանակ է, ինչ արդիական է, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում իրենց փողոցի վիճակին։
«Իմ տղան և հարևանիս տղան միասին փորձել են հարթեցնել ճանապարհը։ Արդեն մեկ տարի է՝ այս հատվածն անուշադրության է մատնված։ Մենք նաև դիմել ենք քաղաքապետարան, սակայն այնտեղից մեզ պատասխանել են, որ տվյալ ճանապարհահատվածն իրենց վերահսկողության տակ չէ, և խորհուրդ տվեցին դիմել ջրամատակարարման ընկերությանը։ Մի քանի անգամ այնտեղ ենք դիմել, սակայն ասել են, որ աշխատանքները դեռ ավարտված չեն, և միայն դրանց ավարտից հետո կկատարվի ասֆալտապատումը», – պատմեց Նազարեթյան բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը։
Jnews-ը կապ հաստատեց ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության» հետ։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ հարցերն անհրաժեշտ է ներկայացնել գրավոր նամակ։
Հիշեցնենք, որ Jnews-ը նախկինում ևս անդրադարձել է այս թեմային և խոսել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ։
Վերջինս այն ժամանակ նշել էր․ «Դա մեր պատասխանատվության տակ չէ, դիմեք Ջրամատակարարման սպասարկման կենտրոնին»։
«Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն»-ից նամակը ստանալուն պես Jnews-ը կհրապարակի այն։
Կարդացեք նաև՝