«Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, սակայն Ախալքալաքում և Նինոծմինդայում քաղաքապետի պաշտոնի թեկնածուներ չի ունենա։
Կուսակցության Ախալքալաքի ներկայացուցիչ Զաքար Զաքարյանը Jnews-ին ասաց, որ «Լելո»-ն մտադիր չէ թեկնածու առաջադրել Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնում և չի նախատեսում այստեղ գրասենյակ բացել: Կուսակցության մարզային գրասենյակը գործում է Ախալցիխեում։
Զաքար Զաքարյանի խոսքով, թիվ 40 ընտրատարածքում, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովներում կուսակցությունը անդամներ կունենա։
Նա նշեց, որ «Լելոն» Ախալքալաքում ունի թիմ, որը շուտով կսկսի նախընտրական արշավը։ Զաքարյանը հույս հայտնեց, որ Ախալքալաքի սակրեբուլոյի նոր կազմում կուսակցությունը կունենա իր սեփական խմբակցությունը, այսինքն՝ կուսակցությունից կանցնի առնվազն երեք թեկնածու։
Նշենք, որ սակրեբուլոյի ներկայիս կազմում «Լելո»-ից անցել է միայն Զաքար Զաքարյանը, որը ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության հետ միասին ստեղծել է «Եվրոպական Վրաստան — Լելո» խմբակցությունը։ Խմբակցություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն երեք պատգամավոր։