նորություններ 20 Օգոստոսի, 2025 • Շիրազ Չախոյանի պայքարը կրթության համար․ ճանապարհ լի փորձություններով ու հաղթանակներով

Շիրազ Չախոյանը երկար ու դժվարին ճանապարհ է անցել կրթությունը շարունակելու համար։ Ֆինանսական դժվարություններ, արտագնա աշխատանք, ընտանիքից հեռու տարիներ և անսպառ հավատ․ այս ամենի միջոցով նա վերջապես հասավ իր նպատակին՝ այս տարի ավարտեց Թբիլիսիի պետական համալսարանը, ստանալով մագիստրոսի որակավորում։

Շիրազ Չախոյանը Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղից է, նա անցել է կրթական հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ճանապարհ: Դպրոցն ավարտելուն պես, երբ պետք է որոշեր հետագա քայլերը, իր վրացերենի ուսուցչուհին՝ Նորա Բիբիլաշվիլին և դպրոցի այդ ժամանակվա տնօրեն Արմեն Կուրղինյանը ուղղորդել են նրան մնալ Վրաստանում և բարձրագույն կրթությունը ստանալ այստեղ։ 2013 թվականին զորակոչվել է բանակ, իսկ 2014 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան, վրաց լեզվի նախապատրաստական կուրս: Դժվարությունները սկսվել են հենց այդ ժամանակ, Շիրազը կուրսում առաջադեմ ուսանողներից է եղել, միշտ ձգտում և մեծ հետաքրքրություն է ունեցել դեպի ուսումը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել և մեկնել արտագնա աշխատանքի:

«Հենց սկզբնական շրջանում խնդիրներ եղան, չնայած դասախոսներս, համակուրսեցիներս կոչ էին անում չգնալ, բայց ստիպված եղա թողնել ամեն բան և գնալ գումար աշխատելու, բայց ինձ միշտ այդ միտքը հանգիստ չէր տալիս, շատ մեծ ցանկություն ունեի վերադառնալու: Ստացվեց այնպես, որ այդ ընթացքում ամուսնացա, ունեցա իմ ընտանիքը և դժվարությունները կրկնապատկվեցին, թվում էր թե ուսումը այդպես էլ մնալու էր անկատար երազանք, բայց իմ կնոջ հետ, որոշում կայացրինք, որ ամեն գնով ես գնալու եմ իմ երազանքի հետևից»։

Շիրազը և իր կինը՝ Մարիաննան ծանոթացել են հենց այն ժամանակ, երբ միասին ընդդունվել են համալսարան, նույն կուրսում են եղել և Մարիաննան էլ մեծ ափսոսանքով մեզ պատմեց, որ այն ժամանակ երբ լսել է Շիրազի որոշումը, ուսումը կիսատ թողնելու հետ կապված, նույնիսկ չի հավատացել, բայց հետո ստիպված են եղել համակերպվել իրականության հետ: Ամուսնացել են 2018 թվականին, այն ժամանակ, երբ Մարիաննան արդեն վերջին կուրսում էր սովորում:

2019 թվականին տարեկետման վերջնաժամկետը լրանալու էր և Շիրազը ընտրության առաջ է կանգնել, կամ շարունակել կամ էլ վերջնականապես հրաժարվել այդ մտքից և հենց այդ ժամանակ էլ սկսվել է Շիրազի պայքարի դժվար ճանապարհը:

Կնոջ հետ միասին երկար քննարկում են ունեցել, հաշվի են առել սպասվող բոլոր փորձությունները, դժվարությունները և վերջնական որոշում կայացրել, որ անկախ ամեն ինչից, Շիրազը շարունակելու է կրթությունն ու հանձն են առել միասին անցնել այդ ուղին:

Նրան ամողջ ընթացքում աջակցել են նաև ծնողները և իր մեծ ընտանիքը, հաջողության ճանապարհին մեծ է եղել նաև մոր դերը:

Այս մասին խոսեցինք՝ և Շիրազի, և նրա կնոջ հետ, Շիրազը պատմեց, որ առաջին տարին համավարակի պատճառով տանից է մասնակցել դասերին, հետո էլ լավ սովորելով կարողացել է կրթաթոշակ ստանալ Հայ Կրթական Հիմնարկությունից, ինչը մեծ դեր է խաղացել իր կյանքում: Դասերը համալսարանում անցկացվելուն պես Շիրազը տեղափոխվել է Թբիլիսի, լեզվական կամ ինտեգրման հետ կապված խնդիրներից զատ ստիպված է եղել հաղթահարել ընտանիքից հեռու լինելու փաստը:

«Երբ դասերը լսարանում էր անցկացվում, ծանոթացա համակուրսեցիներիս հետ, բոլորն ինձնից փոքր էին, իմ կարգավիճակն էլ այլ էր, դա ևս իրենից բարդություն էր ներկայացնում, ամբողջ ընթացքում փորձում էի դասերս առաջին տեղում պահել, աշխատում էի ինչ-որ հնարավոր լիներ, սկսած խանութում որպես խորհրդատու, որպես ուսուցիչ և այլն, դրա հետ մեկտեղ փորձում էի հասցնել ու տուն գալ, գյուղի գործերում օգնել ընտանիքիս»։

Շիրազն անթարթ հպարտ հայացքով, ժպտալով նայում էր Մարիաննային և պատմում, որ այդ ամենն իրական չէր դառնա առանց իրեն հավատացող կնոջ։ Անկեղծանում է, եղել են հոգեպես դժվար պահեր, երբ մտածել է նույնիսկ ամեն բան թողնելու և ընտանիք վերադառնալու մասին, բայց Մարիաննան անընդհատ հիշեցրել է, թե ինչի համար են սկսել այդ ամենը, միշտ մոտիվացրել է նրան և հոգսն իր վրա վերցրել:

Այս տարի Շիրազն ավարտել է ԹՊՀ-ի բիլինգվալ կրթության մագիստրոսական ծրագիրը, նրանք կարողացան միասին այդ ճանապարհը հասցնել վերջարդյունքին:

Մարիաննան պատմում է, որ ավարտելու օրը երբ ամուսնուն տեսել է ավարտական համալսարանական հագուստով, անսահման հպարտություն է զգացել։ Զգացել է, որ արժեր այդքան դժվարությունների միջով անցնել հանուն այդ օրվա:

shiraz 3

shiraz 2

«Ունենք 3 երեխա, մեծ դուստրս շատ կապված է եղել հոր հետ, ծնվել էր, երբ Շիրազը գնաց սովորելու, ամեն անգամ գնալուց ջերմում էր, հոր մասին էր հարցնում, բայց փորձում էի այդ մասին չասել ամուսնուս, որ չանհանգստանա, կենտրոնանա դասերի վրա, հեռավորությունը բարդ էր հաղթահարել, բայց ես վստահ էի իր ուժերի վրա», — պատմում է Մարիաննան:

Շիրազն էլ կատակում է, երկու աղջկանից հետո, տղան մագիստրատուրայի նվերն էր:

shiraz 1

Ուսումն ավարտելուց հետո նա վերադարձել է գյուղ, վստահեցնում է, որ այլ տեղ իրեն չի պատկերացնում, մնալու է իր շրջանում և պայքարելու երիտասարդների լավ ապագայի համար, խորհուրդներով, գիտելիքով և ինչու չէ նաև անցած փորձով կիսվելու է շատերի հետ, գիտակցում է, որ 3 երեխաներին ապահովելու համար բավականին մեծ միջոցներ են հարկավոր, բայց իր նպատակները՝ նպաստելու շրջանի զարգացման համար առավել մեծ են:

shiraz 4

«Մի քանի տեղ մասնակցել եմ հարցազրույցների, սպասում եմ դրական պատասխանի, որ սկսեմ աշխատել որպես ուսուցիչ», — պատմում է Շիրազը:

Մեր այն հարցին, թե այդ ուղղով անցնելուց հետո, ի՞նչ խորհուրդ կտան նման իրավիճակում հայտնված մարդկանց, կամ երիտասարդներին, ովքեր բախվել են բարդությունների, Շիրազն ասում է․

«Ունենալ մեծ նպատակ, վստահ լինել դրա վրա և պայքարել հանուն դրա, սա է իմ կարևորագույն խորհուրդը, իհարկե, Աստծո գործոնը միշտ կա, եթե նա այդպես կամեցավ, ապա ճիշտը հենց սա էր, անցնել այդ ճանապարհով, կոփվել, փորձվել և հաղթահարել, հենարան լինել և ունենալ ամուր հենարան, բայց ամեն բան հաղթահարվում է Աստծով, հավատքով և սիրով», — նրան է միանում նաև Մարիաննան և ասում, որ դժվարություններ միշտ էլ լինում են, կարևորը ներդաշնակությունն է, դիմացինիդ երազանքները քոնից առավել դասելը և հավատալը, մնացած ամեն բան իր տեղում կլինի:

Շիրազը պատմում է, որ եղել են նաև կարծրատիպեր, որ մանկավարժությունը տղամարդու աշխատանք չէ, հատկապես երբ 3 երեխաների հայր ես, բայց ամեն բան արդեն անցյալում է, և պատրաստ է քայլել դեպի նոր նպատակներ:

Շիրազի պատմությունը պարզապես ուսման մասին չէ․ այն հավատքի, ընտանիքի սիրո և երբեք չհանձնվելու պատմություն է։ Ամեն դժվար պահի կողքին կանգնած է եղել Մարիաննան՝ հիշեցնելով երազանքի արժեքը։ Այսօր, երբ արդեն ավարտել է իր ճանապարհը և վերադառնալով գյուղ՝ պատրաստ է իր գիտելիքն ու փորձը բաժանել մյուսների հետ, նա ապացուցում է, որ իրական հաղթանակը ոչ միայն անձնական նպատակին հասնելն է, այլ նաև այդ ճանապարհով ուրիշներին ոգեշնչելը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝