նորություններ 20 Օգոստոսի, 2025 • Կոյուղաջուրը լցվում է Աղմաշենեբելի փողոց

Ախալքալաքում՝ Աղմաշենեբելի փողոցում, կոյուղաջուրը արդեն երկու շաբաթ է լցվում է փողոց, ինչի հետևանքով անտանելի հոտ է տարածվել ոչ միայն տվյալ հատվածում, այլև քաղաքի մեծ մասում։ Բնակիչների խոսքերով՝ խնդիրը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ, սակայն մինչ այժմ որևէ լուծում չի տրվել։

«Մեկ շաբաթ առաջ Ախալքալաքի Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման սերվիս կենտրոնից եկան, ասացին, որ պետք է տեխնիկա պետք է բերեն կոյուղին մաքրելու համար, բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չի արվել», — պատմում են բնակիչները։

Մարդիկ հույսով սպասում են, որ համապատասխան ծառայությունները հնարավորինս շուտ կարձագանքեն և կվերացնեն անտանելի հոտի աղբյուրը։

axmashenebeli1

Jnews-ը կապ հաստատեց ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության» հետ, որտեղից տեղեկացրին, որ խնդիրը գտնվում է ընկերության վերահսկողությունից դուրս։

«Սա ներքին խնդիր է ներքին ցանցում, որտեղ մեր ընկերությունը չի աշխատում։ Միակ բանը, որ կարող ենք անել, այն է, որ աշխատանքային ժամից հետո մասնավոր վարպետը գա ու աշխատի, իսկ մենք միայն վերահսկողություն կիրականացնենք, որպեսզի ամեն ինչ ճիշտ կատարվի։ Ցավոք, մենք ֆիզիկապես իրավունք չունենք ինքնուրույն իրականացնել աշխատանքները, քանի որ այդ հատվածը գտնվում է «կարմիր գծից» դուրս։ Այս հարցը վերաբերում է գույքի սեփականատիրոջը, այսինքն՝ տվյալ տարածքում բնակվող անձի պատասխանատվությունն է խնդիրը լուծելը», — ասում է ընկերության ներկայացուցիչը։

Հատկանշական է, որ Աղմաշենեբելի փողոցի այս հատվածում բոլորովին վերջերս կառուցվել է դրենաժային համակարգ և պարզ չէ, թե կոնկրետ որ սեփականատիրոջ կոյուղին է շարքից դուրս եկել։ Կոյուղին արտահոսում է Աղամալյան-Աղմաշենեբելի փողոցների խաչմերուկում։ Պարզ չէ նաև այն, թե ով պետք է վերահսկի այս ամենը։ Jnews-ը կփորձի ճշտել մանրամասները և հաջորդ հրապարակումներում կներկայացնի իր ընթերցողին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025