2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Վրացական երազանք» կուսակցությունը Նինոծմինդայի գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին երրորդ անգամն է առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու: Jnews-ը, հիմնվելով բաց տվյալների բազաների վրա, տեղեկություններ է հավաքել նրա կենսագրության, քաղաքական կարիերայի և գրանցված գույքի մասին:
Կենսագրություն
Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974 թվականին՝ Բոգդանովկայում: 1991 թվականին ավարտել է Նինոծմինդայի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996 թվականին ավարտել է Երևանի տնտեսագիտության և իրավունքի համալսարանը, ստացել է հոգեբանի դիպլոմ: 2000 թվականին ավարտել է Թբիլիսիի «Գաէնաթի» համալսարանը և ստացել հոգեբանի և վրաց լեզվի ուսուցչուհու մասնագիտությունը:
1994-ից 2017 թվականներին որպես վրաց լեզվի ուսուցչուհի աշխատել է Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2008-2009 թվականներին եղել է նույն դպրոցի տնօրենը: 2009-ից 2011 թվականներին զբաղեցրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: Նրա ամուսինը աշխատում է Նինոծմինդայի հրշեջ ծառայությունում:
Քաղաքական գործունեություն
2014 թվականին Անիվարդ Մոսոյանը իր քաղաքական կարիերան սկսել է «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում: 2014-ից 2017 թվականներին նա եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ և ղեկավարել է կրթության, սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը:
2017 և 2021 թվականներին նա ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ։
Անիվարդ Մոսոյանը Սամցխե-Ջավախեթիի առաջին և միակ կին քաղաքապետն է։
Բիզնես
Բաց տնտեսական ռեգիստրների համաձայն, Վրաստանում, Անիվարդ Մոսոյանի, նրա ամուսնու և որդու անունով որևէ բիզնես գրանցված չէ։
Գույք
Անիվարդ Մոսոյանի կողմից 2024 թվականին լրացված հայտարարագրի համաձայն, նրա անունով գրանցված չէ ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք։ Հայտարարագրում նշված են ամուսնու և որդու 2023 թվականի աշխատավարձերը, սակայն Անիվարդ Մոսոյանի տարեկան աշխատավարձը նշված չէ։ Խոջաբեկում և Նինոծմինդայում գտնվող տունը և գյուղատնտեսական հողատարածքը գրանցված են նրա ամուսնու՝ Սուրեն Մզիկյանի անունով։
Նշենք, որ 2020 թվականին Անիվարդ Մոսոյանը տուգանվել է անշարժ գույքի վերաբերյալ սխալ տեղեկություններ տրամադրելու համար։
Ախալքալաքում ստուգվել է 4 պաշտոնյայի հայտարարագիր, երեքում խախտումներ են հայտնաբերվել