նորություններ 19 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն «Վրացական երազանքից»

2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Վրացական երազանք» կուսակցությունը գործող քաղաքապետ Մելքոն Մակարյանին, երկրորդ անգամ, առաջադրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու, ինչպես և 2021 թվականի ընտրություններում: Jnews-ը, հիմնվելով հրապարակային տվյալների վրա, հրապարակում է թեկնածուի, նրա քաղաքական կարիերայի և ունեցվածքի մասին տեղեկություններ:

Կենսագրություն

Մելքոն Մակարյանը ծնվել է 1986 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղում: 2004 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Սամցխե-Ջավախեթիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Երեք տարի անց թողել է ուսումը և ընդունվել Գյումրու «Պրոգրես» համալսարան, որն ավարտել է 2012 թվականին: Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Քաղաքական գործունեություն

Իր քաղաքական կարիերան Մակարյանը սկսել է 2013 թվականին «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում, նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է կուսակցության երիտասարդական բջիջը։
2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո է ընտրվել «Ոչ խորհրդարանական ընդդիմություն» դաշինքի (Կախա Կուկավա և Փիքրիա Չիխրաձե) ցուցակներով և ղեկավարել է «Ազատ Վրաստան» խմբակցությունը։

2017 թվականին նա կրկին ընտրվում է Սակրեբուլոյի անդամ, բայց այս անգամ «Վրացական երազանք — Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից և ղեկավարում տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովը: Նա 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ախալքալաքում, «Վրացական երազանք»-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: 2021 թվականին նույն կուսակցության կողմից ընտրվում է Ախալքալաքի քաղաքապետ։

Բիզնես

Բաց տնտեսական ռեգիստրների տվյալներով, Մելքոն Մակարյանի անունով գրանցված բիզնես չկա: Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Գույք

2014-ից մինչև 2024 թվականը Մելքոն Մակարյանն ամեն տարի հայտարարագրեր է հրապարակել «Պաշտոնատար անձանց գույքային կարգավիճակի էլեկտրոնային համակարգ» վեբ պորտալում։

Այդ տվյալների համաձայն, 2017 թվականից ի վեր Մելքոն Մակարյանը Վարուժան, Մհեր և Երասխ Մակարյանների հետ միասին 10,370 քառ/մ գյուղատնտեսական հողատարածքի համասեփականատեր է։

2015 թվականին նա գնել է «Ford» մակնիշի բեռնատար մեքենա՝ 6000 դոլարով, իսկ 2020 թվականին՝ թեթև մարդատար մեքենա՝ 10 000 դոլարով։

Տվյալների բազան նաև ցույց է տալիս, որ Մակարյանը 2023 թվականին ստացել է 53 133.36 լարի աշխատավարձ։ Նրա կինը՝ Պերճանուշ Էվաջյանը, որպես դաստիարակչուհի, աշխատում է մանկապարտեզում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝