Օգոստոսի 15-ին, ամիսների ուշացումից հետո, վերջապես մեկնարկեցին Ախալքալաք–Կարծախ միջպետական ճանապարհի Ախալքալաք–Վաչիան հատվածի վերանորոգման աշխատանքները։
Պայմանագրով «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը պետք է վերանորոգի ճանապարհի կմ 3–7.8 հատվածը։ Նախագծի արժեքը կազմում է 2 մլն 772 հազար լարի։
Ախալքալաք–Կարծախ ճանապարհը երկար ժամանակ անտեսված էր․ չնայած բնակիչների մշտական դժգոհություններին ու Jnews-ի հրապարակումներին, իրական աշխատանքները սկսվեցին միայն այժմ՝ այն էլ ոչ ամբողջ ճանապարհի երկյանքով։
Այս հատվածով անցնում են մեծ թվով բեռնատարներ, որոնք էլ առավել են վնասել են ճանապարհը։ Վերջին ամիսներին, ճանապարհի խիստ քայքայված լինելու պատճառով, իրականացվել են միայն հարթեցման աշխատանքներ, որոնք անգամ ժամանակավոր արդյունք չեն տվել։
Ճանապարհի վերանորոգման պայմանագիրը կնքվել էր դեռևս ապրիլին, սակայն գործնական աշխատանքները սկսվեցին միայն հիմա։ Ուշացման հետևանքով այստեղով երթևեկությունը դարձել է լրջագույն խնդիր․ եթե նախկինում Սուլդա գյուղից Ախալքալաք կարելի էր հասնել 15 րոպեում, այժմ նույն ճանապարհը հաղթահարելու համար վարորդից պահանջվում է շուրջ 1 ժամ 10 րոպե։ Բացի ժամանակի կորստից, զգալիորեն աճել են վարորդների ծախսերը։
Ախալքալաք–Կարծախ ճանապարհի վերանորոգման ուշացած մեկնարկը վկայում է, որ խնդիրն ամիսներ շարունակ անտեսվել է։ Թեև աշխատանքները վերջապես սկսվել են, մնում է հարցը՝ արդյո՞ք դրանք կավարտվեն ժամանակին և պատշաճ որակով կիրականացվեն, թե կրկին կդառնա կիսատ լուծում՝ բնակիչների խնդիրները չվերացնելով։
Կարդացեք նաև՝