նորություններ 16 Օգոստոսի, 2025 • Ստեղծված իրավիճակի զոհերը՝ Ախալցիխեում TV9-ի 10 աշխատակից գործազուրկ է մնացել

Գրեթե 30 տարվա աշխատանքից հետո, FARA նոր օրենքի և USAID ծրագրերի կասեցման պատճառով, Ախալցիխեի TV9 հեռուստաալիքը 2024 թվականի դեկտեմբերից դադարեցրել է հեռարձակումը և 2025 թվականի հունիսից՝ իր կայքի աշխատանքը: 12 աշխատակիցներից միայն երկուսն են աշխատանք գտել, տասը դեռ գործազուրկ են:

2024 թվականի դեկտեմբերի վերջին TV9-ը դադարեցրեց հեռարձակումը և գրասենյակը իր սարքավորումներով փակեց։ Կայքը մի քանի ամիս դիմացավ, բայց 2025 թվականի մայիսին նա ևս ստիպված եղավ դադարեցնել իր աշխատանքը։ Ընկերության տնօրեն Մայա Իվելաշվիլիի խոսքով, Վրաստանում USAID-ի ծրագրերի դադարեցումից հետո հեռուստաընկերությունը կորցրեց իր հիմնական ֆինանսավորումը և չկարողացավ շարունակել աշխատանքը։

«Մենք ունեինք չորս դրամաշնորհ, և բոլորն էլ կասեցվեցին Թրամփի հայտարարությունից հետո։ Հեռուստատեսությունը չի աշխատում անցյալ տարվա դեկտեմբերից, հաղորդիչը փչացել էր, ուստի հեռարձակումը անհնար էր։ Սակայն հիմնական պատճառը դա օրենքն է։ Կայքի աշխատանքը դադարեցրինք մայիսի վերջին։ Առանց ֆինանսավորման անհնար էր շարունակել աշխատանքը։ Մենք որոշեցինք դադարեցնել գործունեությունը», — պատմեց հեռուստաընկերության ղեկավար Մայա Իվելաշվիլին։

TV9-ը Ախալցիխեում գործում էր 1997 թվականից, իսկ առցանց կայքը՝ 2017 թվականից։

2024 թվականին TV9-ը ստացել էր չորս դրամաշնորհ՝ երկուսը ամերիկյան կազմակերպություններից, մեկը՝ Եվրոպական Միությունից, որն ավարտվել է անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ մեկը՝ գերմանական Deutsche Welle կազմակերպությունից։

12 աշխատակցից միայն երկուսն են կարողացել աշխատանք գտնել այլ կազմակերպություններում։ Մնացածը միացել են գործազուրկների շարքերին, բայց նրանք հույս ունեն, որ հեռուստաընկերությունը մի օր կվերսկսի իր աշխատանքը։ Գրեթե 30 տարվա գոյության ընթացքում TV9-ն ուներ իր սեփական հեռուստադիտողների և ընթերցողների լսարանը։

Գործունեության վերսկսման հնարավորության հարցին Մայա Իվելաշվիլիին պատասխանեց.

«Մարդը հույսով է ապրում»։

Նա հավելեց, որ հեռուստաընկերության աշխատանքը վերականգնելու համար փնտրում է դոնորներ։

Վերատպման կանոն