Հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդառաջ Jnews-ի աշխատակիցն այցելեց Դիլիսկա, Խոսպիո, Չունչխա և Պտենա գյուղեր՝ պարզելու, թե որքանո՞վ են բնակիչները տեղեկացված ընտրությունների մասին և ի՞նչ ակնկալիքներ ունեն։
Չունչխա գյուղում, օրինակ, տեղացիները գիտեն, որ իրենց բնակավայրում էլեկտրոնային քվեարկություն չի լինի՝ ընտրողների քանակի սակավության պատճառով։
Իսկ Պտենա գյուղի մի բնակիչ, ով չցանկացավ հայտնել անունը, նշեց․ «Հոկտեմբերի 4-ին ինչ ընտրություն է լինելու, չգիտեմ և չեմ էլ հետաքրքրվում․ միևնույն է, իմ կյանքի որակը դրանից չի փոխվելու։ Տարվա այս շրջանում ոչ անասունների համար ջուր ունենք, ոչ էլ մեզ համար․ չորս օրը մի անգամ են ջուր տալիս, իրավիճակը շատ վատ է մեր գյուղում»։
Դիլիսկա գյուղի բնակիչ Գուրբեկյան Մարտինը հույս ունի, որ կենսաթոշակները կբարձրացնեն։
«Ես թոշակառու եմ։ Ամեն ինչ թանկ է, լավ կլինի թոշակը բարձրացնեն, որ կարողանանք ապրել։ Ամենակարևորը խաղաղությունն է, որ խաղաղ երկնքի տակ ապրենք»։
Նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ Գաբրիելյան Արարատի խոսքով, իր կյանքում դրական փոփոխություններ են եղել։
«Ես ամեն տարի մասնակցում եմ ընտրություններին, այս տարի էլ եմ մասնակցելու։ Գյուղում ունենք ասֆալտապատ ճանապարհ, աղբամաններ, որոնք ժամանակին մաքրվում են»։
Խոսպիո գյուղի բնակիչ Լևան Վախտանգշվիլին ասում է․
«Վստահ եմ, որ խաղաղությունը, համերաշխությունը և տնտեսական զարգացումը ապահովում է «Վրացական երազանքը»։ Մեր հարևան երկրներում պատերազմ է, միայն մեզ մոտ է հանգիստ։ Պատերազմը երբեք լավ բանի չի հանգեցնի։ Նախ պետք է մտածենք մեր երկրի շահերի մասին, հետո մնացածի»։
Չունչխայի բնակիչ Մամուկա Մարկուիձեն ընդգծեց․ «Եթե Վրաստանում իշխող կուսակցությունը չլիներ, մենք պատերազմի մեջ կլինեինք։ Ամենակարևորը խաղաղությունն է։ Մեր երկրում եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում խաղաղ երկնքի տակ ապրել։ Խնդրում եմ՝ թող գնան այստեղից, գոնե մենք խաղաղ ապրենք»։
Նշենք, որ արդեն երկրորդ անգամն է (2024 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և 2025 թվականին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ) իշխող կուսակցությունն իր հիմնական քարոզարշավային գծերից մեկը պահում է պատերազմի և խաղաղության թեման՝ պնդելով, որ միայն ինքը կարող է ապահովել երկրի խաղաղությունը։ Իսկ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակները, որոնք մեղադրում են իշխող կուսակցությանը Արևմուտքից և ժողովրդավարությունից հեռանալու մեջ, պնդում են, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրումը, որոնց երկրները միմյանց հետ պատերազմ չեն վարում, կապահովի մշտական խաղաղություն և Վրաստանի հիմնական խնդիրների լուծում։