Օգոստոսի 14-ին Ախալքալաքում, «GrandMur» բիզնես կենտրոնում կայացավ «Վրացական երազանք» իշխող կուսակցության հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին գալիք Տեղական ինքնակառավարման ընտրություններին Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն, մեծամասնական պատգամավորների թեկնածուները, ինչպես նաև նախընտրական շտաբի պետը։ Նախընտրական շտաբի ղեկավար նշանակվեց Ռուբեն Պալյանը։
Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, փոխնահանգապետ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և խորհրդարանի համամասնական պատգամավոր Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Ներկաները շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին թեկնածուներին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Վրացական երազանքը» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու է ընտրել գործող քաղաքապետին՝ Մելքոն Մակարյանին, ում պաշտոնապես ներկայացրեց երեկվա կուսակցական հանդիպմանը:
Մեծամասնական պատգամավորի թեկնածուները ևս ներկայացվեցին այդ հանդիպմանը: Հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխութունների համաձայն, նախկին 14 մեծամասնական պատգամավորի փոխարեն նոր սակրեբուլոն կազմավորվելու է 23 մեծամասնական (նաև 15 համամասնական) պատգամավորից: «Վրացական երազանքը» թեկնածուներ է նշանակել բոլոր 23 մեծամասնական ընտրատարածքներում: Այսպիսով մեծամասնական թեկնածուներ են բոլոր գործող մեծամասնական պատգամավորները, բացառությամբ Գուրամ Օքրոաձեին, նրա մեծամասնական տարածքում՝ Հոկամ գյուղում թեկնածու է նշանակվել Ուշանգի Օքրոաձեն:
Գործող մեծամասնական պատգամավորներն, ովքեր նաև թեկնածու են. Կարապետ Պալոյան, Հակոբ Չախմախչյան, Սիփան Շիպակցյան, Գրիգոր Կարագեբակյան, Նաիրի Մելտոնյան, Ալբերտ Մանուշյան, Գենադի Էլիզբարյան, Արամայիս Զաքարյան, Աշոտիկ Եղունյան, Համլետ Մովսիսյան, Վաղարշակ Առաքելյան, Հրաչյա Մովսեսյան, Նվեր Մոսոյան:
Մեծամասնական թեկնածուներ են նաև 2021 թվականին համամասնական կարգով ընտրված պատգամավորներ, Վարդան Պապոյանը, Սողոմոն Ասլանյանը, Աննա Ղևենյանը, Հովիկ Մուրադյանը, Սարգիս Մելիքյանը, ինչպես նաև գործող գյուղապետներ և այլք: