նորություններ 13 Օգոստոսի, 2025 • Վրաստանում բնակության թույլտվություն ստանալու համար ռուսներից հայցում են ներկայացնել դատվածության մասին տեղեկանք

Վրաստանում բնակության թույլտվություն ստանալ կամ երկարաձգել ցանկացող ռուսները պարտավոր են ներկայացնել իրենց հայրենիքում դատվածության մասին տեղեկանք։

Այս մասին հայտնել է ռուսական սոցիալ-քաղաքական ինտերնետային ռեսուրս Sotaproject-ը, ինչպես նաև Վրաստանում բնակվող ռուս բլոգեր Նիկոլայ Լևշիցը՝ իր կայքում։

Ըստ Sotaproject-ի՝ «դիմորդը պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմնի կողմից տրված և սահմանված կարգով վավերացված տեղեկանք»։ Վրաստանում օտարերկրացուն կարող է մերժվել բնակության թույլտվություն տրամադրելը, եթե նա հետախուզման մեջ է, մեղադրյալ է քրեական գործով կամ դատապարտվել է բնակության թույլտվության դիմում ներկայացնելուց առաջ վերջին 5 տարվա ընթացքում կատարված քրեական հանցագործության համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դատվածությունը մարվել կամ հանվել է։

Նիկոլայ Լևշիցը գրում է, որ ռուսները Վրաստանում բնակության թույլտվություն ստանալու նոր պահանջների են բախվել, և սա անակնկալ էր, քանի որ, ըստ օրենքի, դատվածության մասին տեղեկանքը պարտադիր փաստաթղթերի ցանկում չի մտնում։ Բլոգերը հաստատում է, որ «բնակության թույլտվություն ստանալու համար այժմ անհրաժեշտ է ներկայացնել դատվածության մասին տեղեկանքի բնօրինակը, որը պետք է պատշաճ կերպով թարգմանված և վավերացված լինի»։

Տեղեկատվության համար. Վրաստանի Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 2022 թվականին, Ուկրաինայում պատերազմի սկզբում, Վրաստան է մտել 62 304 ռուս, իսկ երկիրը լքել՝ 5 935-ը։ 2023 թվականին մուտք գործածների թիվը կազմել է 52 627, իսկ ելքերի թիվը՝ 35 344։ 2024 թվականին Վրաստան է ժամանել ավելի քիչ ռուս (23 574), քան լքել (25 612)։ Այսպիսով, վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանում բնակություն է հաստատել առնվազն 71 000 ՌԴ քաղաքացի։ Բացի այդ, այս տարի Վրաստանից արտաքսվել է ավելի քան 670 օտարերկրացի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը։ Նրանց թվում ռուսների թիվը չի հստակեցվում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Լույսը չպետք է հանգչի

13 Օգոստոսի, 2025