նորություններ 14 Օգոստոսի, 2025 • Նկարչության և գրչի մարդը՝ Բարդուղիմեոս Շաշիկյան

Բարդուղիմեոս Շաշիկյանը, ստեղծագործական աշխարհում հայտնի «Սագառ Վառմա» կեղծանունով, ծնվել է 1978 թվականին Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցում, այնուհետև 1995-1999 թվականներին սովորել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում՝ ավարտելով Կարմիր դիպլոմով։

abul4

«Նկարչությունը իմ կյանքի անբաժան մասն է եղել։ Դեռ փոքր էի, երբ թուղթն ու մատիտը միշտ ձեռքումս էին», — հիշում է Շաշիկյանը։

Նկարչությունից բացի, նա սիրել է նաև թատրոնը՝ հանդես գալով Ախալքալաքի մշակույթի տանը երկու դերում։

«Փիլոյանի դերն եմ խաղացել «Տաքսի-Տաքսի» ներկայացման մեջ, իսկ մյուսը՝ «Վաճառվում է կլարնետ» ներկայացման մեջ որպես իշխանը», — պատմում է նա։

Կյանքը և ընտանիքը

Շաշիկյանn ամուսնացած է, ունի երեք երեխա։ Երկու դուստրերը սովորում են Թբիլիսիի պետական համալսարանում՝ անվճար հիմունքներով, իսկ որդին դեռ դպրոցական է։

«Իմ երեխաները իմ հպարտությունն են։ Նրանք միշտ ուժ են տալիս ինձ։ Իմ երեք երեխաներն էլ նկարում են», — ասում է նկարիչը։

Մասնագիտական ուղի

Տարիներ շարունակ Շաշիկյանն Աբուլի դպրոցում արվեստ է դասավանդել։ Սակայն 10 կրեդիտի բացակայության պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը։

«Այդ փաստն ինձ համար հարված էր, բայց չմոռացա այն, ինչ գիտեմ։ Այս տարի որոշեցի մասնակցել ուսուցչի քննություններին։ Ուզում եմ նորից դպրոց վերադառնալ», — ասում է նա։

Նրա նկարները բազմազան  են՝ դասականից մինչև ժամանակակից։ Մի աշխատանքում՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» իր տարբերակում, զբոսաշրջիկները, որոնք տեսել էին բնօրինակը, ասել են. «Քո նկարը անհամեմատելի է, նույնիսկ ավելի լավն է»։

«Այդ խոսքերը ինձ համար մեծագույն գնահատական էին», — ընդգծում է Շաշիկյանը։

abul 1

Նրա աշխատանքները հասնում են ոչ միայն Վրաստանի տարբեր շրջաններ, այլև արտերկիր։

«Նկարներս անգամ Անգլիա են գնացել։ Ցավոք, պատվերները քիչ են՝ տարվա մեջ ընդամենը երկու անգամ, բայց ես ստեղծագործում եմ ոչ թե պատվերների համար, այլ հոգուս պահանջով», — ասում է նա։

2019 թվականին լույս է տեսել Շաշիկյանի «Իմ Սեգ Աբուլ» բանաստեղծությունների և պոեմների գիրքը։ Գրքի տպագրությունը հնարավոր է դարձել ռուսաստաբնակ գործարար և բարերար, արմատներով աբուլցի Մալխաս Սեդրակի Երիցյանի աջակցությամբ։

«Նրա աջակցությունը մեծ դեր խաղաց ինձ համար։ Ցավոք, նրա մահը կիսատ թողեց մեր ապագայի պլանները», — պատմում է հեղինակը։

Գրքից տպագրվել է 200 օրինակ, սակայն վաճառվել է միայն 70-ը։

«Ցավոք, մեր օրերում երիտասարդները գիրք չեն կարդում», — նշում է Շաշիկյանը։

Առցանց ներկայություն

Բարդուղիմեոս Շաշիկյանը ակտիվ է նաև սոցիալական հարթակներում։ Նրա YouTube-յան էջն ունի ավելի քան 266 հազար հետևորդ։

«Հիմնականում գրում եմ հայրենասիրության, ընտանիքի և ծնողների մասին», — ասում է նա։

 

abul3

Եզրափակելով, Շաշիկյանը հավելում է. «Մարդու ուղեղն այնպես է, որ եթե սովորածդ երեք օրը չօգտագործես, կմոռանաս։ Ես իմ երեխաների հետ աշխատելով պահպանում եմ իմ հմտությունները, իսկ նրանք միշտ կողքիս են՝ որպես ուժ և հավատ»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝