նորություններ 7 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում  դաբաղը տարածվում է

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, խոշոր եղջերավոր անասունների մոտ, գրանցվել են դաբաղի ախտանիշներով հիվանդության նոր դեպքեր: Անասնաբույժներն արդեն սկսել են բուժումը, իսկ Մեծ Բրիտանիայից լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել:

Պարենի ազգային գործակալության մարզային գրասենյակի աշխատակիցների կողմից լաբորատորիա, ախտորոշման համար, ուղարկված պաթոլոգիական նյութի նմուշների անալիզի պատասխանը դեռևս չի ստացվել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ, Բուզավեթ և Բոզալի գյուղերում, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա, Գանձա և Ջիգրաշեն գյուղերում գրանցվել են դաբաղի ախտանիշներով հիվանդություններ։

Խորենիա, Խոսպիո և Մարտունի գյուղերում, որտեղ օգոստոսի սկզբին նույնպես խոշոր եղջերավոր անասունների մոտ հիվանդություն էր հայտնաբերվել, իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, հիվանդ խոշոր եղջերավոր անասունները գրեթե լրիվությամբ ապաքինվել են։ Սկզբում Թբիլիսի, ապա Մեծ Բրիտանիա ուղարկված պաթոլոգիական նյութի նմուշները դեռևս ուսումնասիրվում են։

«Սկզբնական օջախներում, որտեղ գրանցվել էր դաբաղ հիվանդությունը, բուժումն օգնել է, կենդանիներն ապաքինվում են: Հիվանդությունն ավելի հեշտ և արագ է ընթանում, քանի որ խոշոր եղջերավոր անասունները պատվաստված են, և բուժումն արագ արդյունավետություն է տալիս», — ասում է Պարենի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի մարզային բաժնի ավագ տեսուչ Մխիթար Պարոնյանը:

Նրա խոսքով, անասնաբույժները, նոր վարակի օջախներում, արդեն սկսել են կենդանիների բուժումը։

«Մենք ունենք 23 անասնաբույժ, որոնք օգնում են գյուղացիներին և անվճար բուժում են ցուցաբերում», — հավելեց նա։

Հիվանդ խոշոր եղջերավոր անասունների ամենամեծ թվաքանակ գրանցվել է Փոկա գյուղում՝ 249 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, Բոզալի գյուղում՝ 26 գլուխ։ Աբուլ, Բուզավեթ և Ջիգրաշեն գյուղերում գրանցվել է ավելի քիչ։

Պարոնյանը նշեց, որ հիվանդության առաջին 3-7 օրերին կաթի արտադրողականությունը նվազում է, սակայն պատշաճ եռացնելուց հետո այն անվտանգ է օգտագործման համար։

Դաբաղ հիվանդությունը ընտանի և վայրի երկսմբակավոր կենդանիների վիրուսային, սուր հիվանդություն է, որը բնութագրվում է տենդով և բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և մաշկի վրա աֆթաների (բշտերի) առաջացմամբ: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր անասուններն ու խոզերը, ավելի քիչ զգայուն են ոչխարները, այծերը և վայրի երկսմբակավոր կենդանիները: Մարդիկ նույնպես կարող են հիվանդանալ դաբաղ հիվանդությամբ:

Հիվանդության աղբյուրը հիվանդ կենդանիներն են, այդ թվում՝ հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանում գտնվողները, որը սովորաբար տևում է 1-ից 7 օր, իսկ երբեմն՝ մինչև 21 օր: Հարուցիչը առանձնանում է արտաքին միջավայրում իր դիմացկունությամբ: Հիվանդ կենդանու կողմից աղտոտված առարկաների վրա այն կենսունակ է մնում մինչև 150 օր, կեղտաջրերում՝ մինչև 100, գոմաղբում՝ մինչև 170, արյան մեջ՝ մինչև 40, բրդի վրա՝ մինչև 30, երշիկեղենում՝ մինչև 90 օր: Պաստերիզացված կաթում մեռնում է 5 ժամ անց, իսկ եռացնելիս՝ 5 րոպե անց, այն երկար չի գոյատևում նաև ֆերմենտացված կաթնամթերքում:

Անվտանգության համար անհրաժեշտ է կաթը եռացնել կամ պաստերիզացնել: Եռացնելիս կամ պաստերիզացնելիս դաբաղ հիվանդության վիրուսը մահանում է:

Հարուցիչը կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել հետևյալ ճանապարհներով.

1. Կոնտակտային՝ երբ այն ընկնում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների վրա կենդանիների խնամքի պարագաների, գոմաղբի, գոմափռոցների և այլնի միջոցով։
2. Սննդային՝ երբ հիվանդ կենդանու կաթը կամ մսամթերքը օգտագործվում է սննդում։
3. Ջրային՝ եթե ջրում կա հարուցիչ։
4. Օդակաթիլային՝ երբ շնչում են բրդի, գոմաղբի, թքի կամ կերի մասնիկներ, որոնք պարունակում են դաբաղ հիվանդության վիրուսԱնաս։ Մարդիկ բավականին իմունիտետ ունեն վարակի նկատմամբ, սակայն իմունային պաշտպանության նվազման կամ հարուցիչի մեծ քանակության դեպքում դաբաղ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Դաբաղ հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։

Ախալքալաքի գյուղերում անասունների մոտ գրանցվել են դաբաղի ախտանիշներ

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝