Վերջին օրերին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում խոշոր եղջրավոր անասունների շրջանում մասսայական տարածվել է վտանգավոր հիվանդություն՝ դաբաղ, որը լուրջ խնդիրներ է առաջացրել ֆերմերների և գյուղացիների համար։
Jnews-ի լրագրողը եղավ Աբուլ գյուղում՝ տեղում պարզելու իրավիճակը։
Գյուղում հիվանդությունը լայնորեն տարածվել է անասունների շրջանում։ Իրավիճակն առավել ծանր է հատկապես գյուղի որոշ թաղամասերում, որտեղ գրեթե բոլոր անասուններն ունեն նույն ախտանիշները։
Աբուլ գյուղից Լարիսա Հովհանիսյանի խոսքով, իրենք արդեն վեց օր է՝ անասուններին պահում են տանը, հիվանդության պատճառով։
«Սկզբում չգիտեինք, թե ինչ է կատարվում։ Հետո պարզվեց, որ դաբաղ է։ Կովերի բերանի խոռոչները վնասվեցին, կովի պտուկները և վերջույթների հատվածները։ Գարնանը պատվաստում արել են, և դա, կարծում եմ, փրկեց վիճակը։ Եթե պատվաստումը չլիներ, անասունները հիմա ավելի ծանր վիճակում կլինեին։ Ներկա պահին չենք կթում, որովհետև մաշկը վնասված է։ Վախենում եմ, որ գուցե հետագայում էլ հնարավոր չլինի կթել։ Բացի այդ, վարակը կարող է փոխանցվել նաև խոզերին», – ասում է Լարիսա Հովհաննիսյանը։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Գևորգ Հակոբյանը, պատմեց, որ իր երեք կովերն արդեն մեկ շաբաթ է՝ չեն ուտում և չեն խմում ջուր։
«Բերանի խոռոչները վնասվել են, անասունները չեն մոտենում՝ ոչ խոտին, ոչ ջրին։ Գնացի դեղատուն, դեղորայք գնեցի, բայց դա օգուտ չտվեց։ Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում՝ մեկը մյուսին փոխանցելով։ Գյուղում լսել եմ, որ ոչ միայն մեր փողոցում է, այլ նաև հարևան փողոցներում ու նաև ամբողջ շրջանում։ Իրավիճակը շատ ծանր է», – նշեց նա։
Ինչ է դաբաղ հիվանդությունը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում տարածվում է խոշոր և մանր եղջերավոր անասունների շրջանում։ Հիվանդությունը փոխանցվում է շատ արագ՝ ինչպես անմիջական շփման, այնպես էլ օդակաթիլային կամ սննդային ճանապարհով։
Հիմնական ախտանշաններն են․
Բերանի խոռոչում և լեզվի վրա խոցեր
Կթի մաշկի և վերջույթների վնասումներ
Բարձր ջերմություն
Սննդից և ջրից հրաժարում
Կաթնատվության կտրուկ նվազում կամ դադարեցում
Դաբաղը կարող է բերել ծանր տնտեսական վնասների, քանի որ վարակված անասունները հաճախ չեն ապաքինվում լիովին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սատկում են։ Կանխարգելման հիմնական միջոցը ժամանակին կատարվող պատվաստումն է և հիվանդ կենդանիների մեկուսացումը։