Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են խոտհնձի աշխատանքները։ Մունիցիպալիտետի տարբեր գյուղերում ակտիվորեն ընթանում է խոտհունձը։ Սա կարևոր փուլ է․ ոմանք խոտ են հնձում սեփական անասունների համար, իսկ մյուսները՝ վաճառքի նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են հիմնականում գյուղատնտեսական տեխնիկայով՝ տրակտորներով և խոտհնձիչներով, սակայն որոշ բնակավայրերում դեռ կիրառվում է նաև ձեռքի աշխատանքը։
Դադեշ գյուղի բնակիչների խոսքերով, այս տարվա եղանակային պայմանները նպաստավոր էին՝ խոտը շատ է ու որակով։
Գյուղի բնակիչ Հարությունյան Ալբերտը պատմեց. «Այս տարի խոտը լավ է աճել, բայց ես չեմ վաճառում։ Հազիվ եմ կարողանում իմ անասունների կերը ապահովել։ Մոտավորապես մեկ տուկը արժե 6-7 լարի»։
Օրջա գյուղից Ռուդիկ Արևյանը նույնպես իր անասունների կերը պահեստավորում է: Նրա խոսքով՝ մեկ տուկ խոտի գինը սկսվում է 6 լարից։
«Ամեն բան կախված է գումարից։ Եթե գումար ունես, հեշտությամբ կարող ես նույնիսկ ձմռան կեսին խոտ գնել։ Ես չեմ վաճառում, հազիվ եմ կարողանում իմ անասունների կերը ապահովել։ Լսել եմ, որ մեր գյուղի բնակիչները կողքի գյուղերից են խոտ գնում», – ասում է նա։
Ռուդիկ Արևյանը նշում է, որ անասնագոմում ունի 10 անասուն, և այս տարի խոտ հավաքելը նրանց համար մի փոքր դժվար է։ «Ստիպված եմ սալոմով պահեստավորել անասուններիս կերը», – ընդգծում է նա։
Սուլդա գյուղի բնակիչ Զաքարյան Լյուդվիկի խոսքով, իր ունեցած հողերը քիչ են, իսկ անասունների թիվը բավականին շատ է։
«Այս տարի ես համ խոտ եմ գնել, համ էլ արտ եմ առել, որպեսզի կարողանամ անասուններիս կերով ապահովել։ Ձմռանն իմ անասուններին անհրաժեշտ է մոտ 700 տուկ կեր։ Այս տարի ավելի հեշտ է գնելը, քան ամբողջությամբ արտ քաղելը։ Ես մեր գյուղից եմ խոտ գնել, մեկ տուկի համար վճարել եմ 6 լարի, ինքս եմ գնացել, բերել։ Դա ինձ համար ավելի հեշտ էր»,- ասաց Լյուդվիկ Զաքարյանը։
Ներկա պահին Սուլդա գյուղում մեկ տուկ խոտի գինը տատանվում է 6-8 լարիի սահմաններում։ Սուլդացի Վլադիմիր Կարոյանը նշեց.
«Ես ինքս վաճառում եմ մեկ տուկը 6-8 լարիով։ Եթե նոր պրեսով ենք անում, գինը 8 լարի է, իսկ հին պրեսով՝ 7 լարի։ Տարբերությունը չափսի մեջ է»։
Նրա խոսքով, այս տարվա բերքատվությունը գրեթե չի տարբերվում անցած տարվանից։
«Կարելի է ասել, որ խոտի քանակը նույնն է։ Այս տարվա խոտը շատ որակով է, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ էին։ Միայն անձրևների բացակայությունն է վնասել կարտոֆիլի դաշտերին, իսկ անասունները հիվանդացան»։
Վլադիմիր Կարոյանը նաև հավելեց, որ գնորդները հիմնականում հարևան գյուղերից են
«Վրաստանի այլ շրջաններից գնորդներ չկան, միայն զանգում են ու գների մասին են հետաքրքրվում։ Նրանց մոտ մեկ տուկն արժե 6 լարի, բայց այն շատ փոքր է, դրա համար էլ էժան է։ Մեր տուկերը ավելի մեծ են և ծանր»։