Այս տարի Ախալքալաքի և շրջակա գյուղերի մի խումբ դպրոցականներ ապացուցեցին, որ վճռականությունն ու գիտելիքներին ուղղված սերը կարող են հաղթահարել ցանկացած սահման։ Միասնական ազգային քննությունների ընթացքում նրանք ցույց տվեցին ոչ միայն բարձր արդյունքներ, այլև հասուն մոտեցում, արժեհամակարգ ու նպատակներ, որոնք մեծ հույսեր են ներշնչում տարածաշրջանի ապագայի համար։
Արման Աբաջյան, Միլենա Բաղնիքյան, գյուղ Վարևան
Արման Աբաջյանը Վարևանի հանրային դպրոցի առաջին ոսկե մեդալակիրներից մեկն է։ Նա ոչ միայն փայլել է քննություններում՝ հավաքելով 63/80, այլև ակտիվ է եղել նաև կրթությունից դուրս՝ մասնակցելով տարբեր ծրագրերի, կազմակերպելով թրեյնինգներ ու շարունակ փորձելով զարգանալ։
«Քննասենյակում ինձ զգում էի ազատ, հանգիստ և ամենակարևորը՝ խուճապի չէի մատնվել, ինչը թույլ տվեց օգտագործել առավելագույն ուժերս։ Նույնիսկ անտանելի շոգը թվում էր հաճելի», — ժպիտով հիշում է Արմանը։
Նա նշում է, որ քննությանն սկսել է նախ ինքնակրթությամբ պատրաստվել, ապա ընդամենը մեկ ամիս հաճախել է մաթեմատիկայի պարապմունքների։ Ստացված արդյունքը դարձավ սեփական հնարավորությունների հանդեպ ունեցած վստահության լավագույն ապացույցը։
«Հպարտություն զգացի, երբ տեսա միավորներս։ Ապացուցեցի ինքս ինձ, որ տարիների ձեռք բերած գիտելիքը և իմ ջանքերը զուր չէին։ Քննասենյակից դուրս գալուց հետո էլ, օբեկտիվորեն դատելով, վստահ էի, որ միավորներս 60-ից բարձր են։ Անկասկած գիտեի, որ թույլ եմ տվել սխալներ, որոնք կարող էի չանել, սակայն գիտեի, որ դրանք չեն խանգարի բարձր միավորներին»։
Արմանն ուսումը շարունակելու է Թբիլիսիի պետական համալսարանում, սակայն ընդգծում է՝ իր նպատակը միայն համալսարանական կրթությամբ չի սահմանափակվում․ նա ցանկանում է մասնակցել միջազգային ծրագրերի և գիտելիքը ծառայեցնել հասարակությանը։
Նույն դպրոցի ոսկե մեդալակիրներից է նաև Միլենա Բաղնիքյանը։ Նա ևս փայլել է քննություններին՝ հավաքելով 69/80 միավոր։
«Առաջին հերթին ինքս ինձ ապացուցեցի իմ ուժերը, հետո արդարացրի այն մարդկանց սպասելիքները, ովքեր հավատում էին ինձ՝ առաջնահերթ ընտանիքիս», — ասում է Միլենան՝ անկեղծորեն խոստովանելով, որ սկզբում մտածել է՝ ավելի բարձր կարող էր հավաքել։
Ի տարբերություն շատ դիմորդների՝ Միլենան պարապմունքների չի հաճախել։ Նա ինքնուրույն է պատրաստվել քննություններին՝ կենտրոնանալով թե՛ նյութի, թե՛ ժամանակի կառավարման վրա։ Նրա մոտեցումը պարզ է՝ հաջողությունը միայն բալերով չի չափվում։
«Արդյունքին հասնելու ճանապարհին ձևավորված հատկանիշները՝ ձգտումը, աշխատասիրությունը, ինքնավստահությունը, հենց դրանք են հաջողության իրական բանալին»։
Քննության օրը հանգիստ է եղել, վստահ է եղել սեփական ուժերի վրա։ Քննության ընթացքում կենտրոնացել է ժամանակը ճիշտ բաշխելու վրա և այնքան արագ է ավարտել, որ նույնիսկ չի նկատել, ինչպես է ժամանակն անցել։
«Նպատակներս սահմանափակված չեն միայն դիպլոմ ստանալով. ապագայի ճանապարհին զարգանալու հակումը միշտ իմ հետ է՝ ինքնակրթվել ու դառնալ ավելի լավը՝ ոգեշնչելով ուրիշներին և ապացուցելով, որ անկախ ապրելու վայրից ու հանգամանքներից՝ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել, եթե միայն սկսես գործել ու հավատալ ինքդ քեզ»։
Կալեպսյա Մարտիրոսյան, գյուղ Դադեշ
Ախալքալաքի Դադեշ գյուղից է նաև մեկ այլ հաջողակ դիմորդ՝ Կալեպսյան։ Նա 62/80 միավորով ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի վրացերեն նախապատրաստական ծրագրով՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ իրավաբան։
«Քննության օրը շատ լարված էի, գիշերը գրեթե չէի քնել։ Բայց քննասենյակում կարողացա կենտրոնանալ ու մոռանալ ամեն ինչի մասին: Ճանապարհն էլ մի փոքր երկար էր, քանի որ քաղաքից դուրս եմ ապրում։ Բարեբախտաբար, շոգ չէր, բայց սրտի լարվածությունը շատ մեծ էր։ Ներս մտնելուց հետո փորձեցի կենտրոնանալ և մոռանալ ամեն ինչի մասին», — պատմում է նա։
Իր խոսքով՝ մի քանի առաջադրանքներ կասկածելի էին թվում, բայց երբ տեսավ արդյունքը՝ չկարողացավ զսպել հուզմունքը։
«Անբացատրելի զգացողություն էր։ Սկզբում չհավատացի աչքերիս։ Դա այդքան ամիսների աշխատանքի արդյունքն էր»։
Կալեպսյայի երազանքն է դառնալ այնպիսի իրավաբան, ով կօգնի մարդկանց ու կպայքարի արդարության համար։
«Միշտ հետաքրքրվել եմ արդարությամբ ու օրենքով։ Իմ երազանքն է դառնալ իրավաբան, ով կօգնի մարդկանց, կպայքարի արդարության համար և կներդնի իր գիտելիքները հասարակության բարելավման գործում»։
Գրիգոր Դարբինյան, Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոց
Ի տարբերություն շատերի՝ Գրիգորն իր ճանապարհն անցել է առանց լրացուցիչ պարապմունքների։ Նա սովորել է Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցում և քննություններին մասնակցել է բացառապես դպրոցական գիտելիքներով։
«Չէի լարվել։ Ուղղակի հետաքրքիր էր տեսնել՝ որքան միավոր կստանամ, հավաքել եմ 65/80 միավոր», — անկեղծանում է նա։
Գրիգորը լավ արդյունք է գրանցել ու արդեն ընդունվել է նաև Երևանում Հերացու անվան բժշկական համալսարան։
«Երազում եմ դառնալ բժիշկ։ Կրթությունս շարունակելու եմ այնտեղ՝ լի մղումով ու նպատակներով», — ասում է ապագա բժիշկը։
Այս քննաշրջանն ու արդյունքները ցույց տվեցին, որ մարզային համայնքներում էլ կան երիտասարդներ, որոնք կարողանում են մրցունակ լինել ազգային մակարդակում՝ նույնիսկ սահմանափակ պայմաններում։ Նրանցից շատերը պատրաստվել են ինքնուրույն, առանց պարապմունքների, երբեմն էլ պարզապես դպրոցի գիտելիքների վրա հենվելով։
Ստացված միավորները մեկ այլ բան էլ ցույց տվեցին․ միասնական քննությունը ոչ միայն գիտելիքի, այլև ինքնավստահության, ուշադրության ու կենտրոնացման փորձություն է։ Իսկ Ախալքալաքից այս դիմորդներն ապացուցեցին, որ ճիշտ մոտեցմամբ կարելի է արժանապատվորեն հաղթահարել այդ փորձությունը։