նորություններ 8 Օգոստոսի, 2025 • Զբոսաշրջիկներն անցնում են Ջիվանու թանգարանի կողքով. ինչն այնպես չէ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում գտնվող հայ հայտնի աշուղ Ջիվանու տուն-թանգարանն արդեն ինը տարի է գործում է առանց մշտական այցելուների։ Չնայած ցուցահանդեսի բացառիկությանը և կազմակերպիչների ջանքերին, թանգարանը մնում է չբացահայտված․ ո՛չ զբոսաշրջիկները, ո՛չ էլ տեղացիները չեն շտապում այցելել այնտեղ։ Հիմնական պատճառներն են՝ ենթակառուցվածքների բացակայությունն ու անտարբերությունը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում գտնվող հայ հայտնի աշուղ Ջիվանու տուն-թանգարանը գործում է 2016 թվականից: Այն բացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ, 2016 թվականի օգոստոսի 27-ին, աշուղի ծննդյան 170-ամյակի պատվին: Սկզբում գործել է ցուցահանդեսային մասը, իսկ 2017 թվականին բացվել է հուշային մասը:

Կարծախ գյուղը, որտեղ գործում է թանգարանը, գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ։ Գրեթե ամեն օր այդտեղով անցնում են Հայաստանից եկող զբոսաշրջիկների խմբեր, սակայն թանգարան չեն մտնում։ Թանգարանի թանգարանավար-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի խոսքով, ինքը հրավիրել է Հայաստանի մի քանի հայտնի զբոսաշրջային խմբերի ուղեկցորդների, ցույց տվել թանգարանը, պատմել ցուցահանդեսի մասին։

«Նրանք շատ տպավորվում են, քանի որ ոչ բոլոր թանգարաններն ունեն հուշային մաս։ Բայց դրանով ամեն ինչ ավարտվում է», — ասում է նա։

Խմբի ուղեկցորդները վստահեցնում են, որ զբոսաշրջիկներին պատմել են թանգարանի մասին, ցույց տվել լուսանկարները, բայց իբրև թե հետաքրքրություն չեն ցուցաբերել։

«Ասում են, որ զբոսաշրջիկները Հայաստանից գալիս են հոգնած ու քաղցած։ Մարդիկ ուզում են հանգստանալ և մի բան ուտել։ Բայց մենք ո՛չ սրճարան ունենք, ո՛չ էլ խանութ։ Դրա համար նրանք շտապում են սահմանը հատել և չեն կանգնում։ Սա է հիմնական խնդիրը», — նշում է Հասմիկ Սաղաթելյանը։

Նրա խոսքով, թանգարան հիմնականում այցելում են նրանք, ովքեր իսկապես սիրում են Ջիվանու ստեղծագործությունները և որոնց համար հեռավորությունը նշանակություն չունի։

Անտարբերությունը նկատելի է ոչ միայն զբոսաշրջիկների կողմից։ Թանգարան հազվադեպ են այցելում նաև տեղացիները, այդ թվում՝ դպրոցականները։

«Ես խոսել եմ բոլոր դպրոցների տնօրենների հետ, պատմել եմ նրանց թանգարանի մասին, բայց ոչ ոք չեկավ։ Երեխաները նախընտրում են զվարճանքի կենտրոնները», — ասում է Հասմիկը։

Այս տարի թանգարան են այցելել դպրոցականների միայն երկու խումբ՝ մեկը Կարծախից, իսկ մյուսը՝ մեկ այլ գյուղից։

Jivani muzey

Թանգարանն ունի ակտիվ ֆեյսբուքյան էջ և առաջարկում է նաև վիրտուալ շրջագայություն jivanimuseum.com կայքի միջոցով։ Այն Ջավախքի միակ թանգարանն է, որը կարելի է այցելել առցանց։

Թանգարանը նշված է Google Maps-ում։ Այս տարի թանգարան է այցելել 70 մարդ։ Զբոսաշրջիկներ եղել են Ռուսաստանից (հիմնականում ծնունդով Ջավախքից), Կանադայից և ԱՄՆ-ից։ Սովորաբար խմբերը փոքր են՝ 1-ից 4 մարդ։ Մուտքի վճարը մեծահասակների համար 3 լարի է, իսկ դպրոցականների համար՝ 1 լարի։

«Երբեմն պապիկներն իրենց թոռներին են բերում, բայց դա հազվադեպ է պատահում», — նշում է Սաղաթելյանը:

Թանգարանում արձանագրությունները չորս լեզվով են: Վերջերս՝ «Ջիվանու օրվա» տոնակատարության նախօրեին, թանգարանը պատահաբար հայտնաբերել էին Վրաստանում ճանապարհորդող ԱՄՆ-ից եկած մի ամուսնական զույգ: Նրանք ազգագրական նյութեր էին հավաքում և պատահաբար թանգարանը գտել էին Google Maps-ում:

Թանգարանը մարդաշատ է լինում միայն «Ջիվանու օրվա» տոնի ժամանակ։ Սակայն, նույնիսկ այս օրը շատերը ներս չեն մտնում թանգարան, սահմանափակվում են համերգային ծրագրին մասնակցելով։ «Պատահել է, որ Հայաստանից պաշտոնական հյուրեր են եկել տոնին, բայց թանգարան այդպես էլ չեն այցելել։ Ես նրանց հրավիրել եմ, առաջարկել նայել, քննարկել, բայց անօգուտ է», — հիշում է Հասմիկը։

Նույնիսկ տեղացիներն են հաճախ անտեսում միջոցառումները: «նախանցյալ տարի մենք մեծ միջոցառում էինք կազմակերպել Ջիվանու մահվան տարելիցի կապակցությամբ, «Ջիվանու օրվանից» ոչ պակաս մասշտաբի: Բոլորին հրավիրել էինք, բայց ոչ ոք չեկավ, նույնիսկ քաղաքապետարանից մարդ չկար», — դառնությամբ ասում է նա:

Այցելուներ գրավելու համար Հասմիկը մասնակցել է «Awesome Foundation Javakhk» մրցույթին և շահել 1000 դոլար դրամաշնորհ՝ ազգային տարազներ գնելու նպատակով: Այդ ամենի օգնությամբ նա ցանկանում էր կենդանություն հաղորդել ցուցահանդեսին և գրավել զբոսաշրջիկներին:

Այս տարի, Ջիվանու երկրպագուների խնդրանքով, 100 օրինակ տպաքանակով, հրատարակվել է նրա գիրքը: Այն կարելի է ձեռք բերել թանգարանից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝