նորություններ 8 Օգոստոսի, 2025 • «17 տարի անց Ռուսաստանը հրաժարվում է իրականացնել ԵՄ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը»

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը փոխել օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչման վերաբերյալ ընդունված անօրինական որոշումը, հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դուրս բերի իր զորքերը Վրաստանի տարածքից և չխոչընդոտի բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձն իրենց տներին։ Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը նվիրված է 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի 17-րդ տարելիցին։

«Անցել է 17 տարի այն օրվանից, երբ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսին Վրաստանի դեմ իրականացրեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա, ինչի հետևանքով օկուպացվեցին Վրաստանի անբաժան տարածաշրջանները՝ Աբխազիան և Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիան։

17 տարի անց էլ Ռուսաստանը հրաժարվում է կատարել ԵՄ միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը և օկուպացիոն զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, ինչպես նաև շարունակում է միջազգային նորմերի խախտմամբ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ուղղված են Վրաստանի անբաժան շրջանների ինտեգրմանը Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական և սոցիալական համակարգերին։ Հատկապես մտահոգիչ են այս նպատակով վերջին շրջանում իրականացված բազմաթիվ անօրինական գործողություններ։

Բացի այդ, Ռուսաստանը խոչընդոտում է տեղում միջազգային կազմակերպությունների անսահմանափակ մուտքը, անվտանգության միջազգային մեխանիզմների տեղակայումը և արգելում է բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը իրենց տներ։

Այս գործողություններով Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, ինչի վկայությունն են Միջազգային քրեական դատարանի և Եվրոպական դատարանի կողմից 2021-2024 թվականներին ընդունված բազմաթիվ որոշումները։

Վրաստանը հետևողականորեն իրականացնում է Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն՝ ապահովելու երկրի ապաօկուպացումը, խաղաղ վերամիավորումը և զարգացումը՝ օգտագործելով դիվանագիտական և իրավական գործիքներ և սերտ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։ Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում օկուպացիոն գծով բաժանված համայնքների միջև հաշտեցումն ու վստահության վերականգնումն ապահովելու համար։

Վրաստանը շարունակում է կառուցողական մասնակցությունը Ժնևյան միջազգային բանակցություններին, որոնց հիմնական նպատակն է ԵՄ միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի իրականացումը և բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի հարցերի լուծումը։ Հատկապես կարևոր է Գալում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) վերականգնումը առանց որևէ նախապայմանի և Գալում ու Էրգնետում դրա կանոնավոր անցկացումը հիմնարար սկզբունքների համաձայն։

Վրաստանը գնահատում է միջազգային հանրության անսասան աջակցությունը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և նրանց ներգրավվածությունը Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ լուծման գործընթացում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը փոխել օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչման վերաբերյալ ընդունված անօրինական որոշումը, հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր զորքերը դուրս բերի Վրաստանի տարածքից և չխոչընդոտի բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը իրենց տներ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցում 2008 թվականի պատերազմում հերոսաբար զոհված մարտիկներին և խաղաղ բնակիչներին», — նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝