Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Ախալքալաքի տներում ջուրը հոսում է բարակ շիթով, իսկ բազմահարկ շենքերում ընդհանրապես ջուր չկա։ Ախալքալաքի հիվանդանոցը նույնպես մնացել է առանց ջրի, ինչը շատ կարևոր է բժշկական հաստատության համար։ Պատճառը խողովակներում ցածր ճնշումն է և ոռոգման տաք սեզոնը։
Բացում ես ծորակը, սակայն ջուրը չի հոսում։ Հիվանդանոցի զուգարանները սարսափելի կեղտոտ վիճակում են։ Ինչպե՞ս կարող է բժշկական հաստատությունը գործել նման պայմաններում։ Հիվանդանոցի տվյալներով՝ այս իրավիճակը շարունակվում է արդեն երկրորդ շաբաթն է։ Որպեսզի հիվանդանոցը չմնա առանց ջրի ամբողջությամբ, այն բերում է «Սանմաքրում» ԲԲԸ-ն, բայց ջուրը, միևնույն է, չի բավարարում։
«Հիվանդանոցն ունի 10 տոննա տարողությամբ ռեզերվուարներ և 5 պոմպ։ Պոմպերն աշխատում են, բայց չեն կարողանում ջուր մղել, քանի որ այն պարզապես չկա։ Նույնիսկ երբ ռեզերվուարները լցվում են, դրանք արագ դատարկվում են՝ 1-2 ժամվա ընթացքում, քանի որ հիվանդանոցում կա ավելի քան 40 անկողնային հիվանդ։ Հենց հիմա 5 տոննա ջուր են բերել ցիստեռնով. մենք դա անում ենք պարբերաբար, բայց դա, միևնույն է, չի բավարարում։ Այս իրավիճակը շարունակվում է արդեն մեկ շաբաթ։ Ամեն ամիս հիվանդանոցը ջրամատակարարման ընկերությանը վճարում է 3000-4000 լարի, քանի որ մենք բաժանորդ ենք, որն ունի հաշվիչ։ Հետևաբար, ես կարծում եմ, որ նրանք պարտավոր են մեզ ջրով ապահովել, հատկապես որ խոսքը կյանքեր փրկելու մասին է», — ասում է հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Այս իրավիճակը կրկնվում է գրեթե ամեն տարի ոռոգման սեզոնի ընթացքում։ Քաղաքի բնակիչները ստիպված են պաշարվել ջրով, իսկ ջրամատակարարման ընկերությունը դեռևս չի կարողացել լուծել խնդիրը, որպեսզի դաշտերը չոռոգվեն խմելու ջրով։
«Ինչքան ես գիտեմ, խնդիրը ճնշման պակասն է։ Ջուր կա, բայց ճնշումը բավարար չէ։ Ամռանը սպառումն ավելանում է, և շատ շրջաններում իրավիճակը նույնն է։ Խողովակներում բավարար ճնշում չկա», — հայտնում են Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության թեժ գծից՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու Ախալքալաքի հիվանդանոցում ջուր չկա։
Jnews-ը պատասխան չի ստացել իր այն հարցին, թե ինչ է նախատեսվում անել խնդիրը լուծելու համար: Նախկինում, սակայն, ընկերությունն այս հարցին պատասխանել էր հետևյալ կերպ.
«Իրավիճակը կարող է փոխվել հաշվիչների տեղադրմամբ, որոնք թույլ կտան վերահսկել սպառումը և կանխել ջրի ոչ նպատակահարմար օգտագործումը», — հայտնել են ընկերությունից: