նորություններ 7 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքում հետիոտները տուգանվում են անցումների կանոնները խախտելու համար

Ախալքալաքի պարեկային ոստիկանությունն անցյալ շաբաթ սկսել է զգուշացնել բնակիչներին փողոցները սխալ կերպով հատելու համար նախատեսված տուգանքների մասին, իսկ այս շաբաթվա սկզբից նրանք արդեն սկսել են իրական տուգանքներ նշանակել կանոնները խախտող հետիոտներին: Ճանապարհը սխալ տեղում հատելու համար տուգանքը 50 լարի է:

Ախալքալաքում ճանապարհային գծանշումները, այդ թվում՝ հետիոտնային անցումները, հազվադեպ են հանդիպում. դրանք միշտ չէ, որ տեղադրվում են, ամենուրեք չկան, և հաճախ արագ մաքրվում են։ Ինչ վերաբերում է այս տարի տեղադրված նոր գծանշումներին, դրանք վառ գույներով գծվել են միայն Ազատության փողոցում և «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում ու անմիջապես գրավել են հետիոտների ուշադրությունը։ Այնուամենայնիվ, շատ տեղացիներ, որոնք սովոր չէին հետևել կանոններին, քանի որ քաղաքում հետիոտնային անցումներ երկար ժամանակ չէին գծվում, շարունակում էին ճանապարհը հատել սխալ տեղերում։

Անցյալ շաբաթվանից ոստիկանությունը սկսել է անցորդներին հիշեցնել տեղաշարժի կանոնների մասին, որոշներին զգուշացնում են՝ կոչ անելով ճանապարհը հատել միայն հետիոտնային անցումներում, իսկ որոշներին նաև տուգանում են 50 լարիով։

«Վերջերս ինձ 50 լարիով տուգանեցին՝ ճանապարհը հետիոտնային անցումից դուրս հատելու համար։ Անցյալ շաբաթվանից զգուշացնում էին, իսկ հիմա, եթե պարեկը տեսնի, անմիջապես տուգանում է», — պատմեց Ախալքալաքի բնակիչներից մեկը։

Այս ամռանը «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի պահանջները խախտելու համար տուգանքները բարձրացվել են։ Այսպիսով, այս փոփոխությունների համաձայն, հետիոտները, որոնք չեն ենթարկվում երթևեկության կարգավորողի ազդանշաններին, ճանապարհային նշանի պահանջներին կամ ճանապարհային գծանշումներին, կտուգանվեն 50 լարիով՝ 10 լարիի փոխարեն։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 100 լարի։

Նույն արարքը, որը կատարվել է ավտոմայրուղում, միջազգային կամ ներքին նշանակության ճանապարհներին, կհանգեցնի հետիոտնի 100 լարիով տուգանման։ Մեկ տարվա ընթացքում արարքը կրկնվելու դեպքում անձը կտուգանվի 200 լարիով։

Այս տարվա հունիսի 10-ին Ախալքալաքի կենտրոնական փողոցում, ինչպես նաև «Խաս Բախչա» զբոսայգու մոտ հայտնվեցին նոր հետիոտնային անցումներ: Նշումները կարելի է տեսնել նաև մինչև Աղմաշենեբելի փողոցի սկիզբը, որտեղ հաճախ տեղի էին ունենում վթարներ և բախումներ հետիոտների հետ՝ մահվան ելքով:

Վերջին անգամ քաղաքում հետիոտնային անցումները մասամբ գծանշվել են 2023 թվականին։ Այնուհետև գծանշումներ են հայտնվել Ջավախեթյան, Դարբինյան, Աղմաշենեբելի փողոցներում՝ մինչև քաղաքային հիվանդանոց։ Սակայն քաղաքի կենտրոնական մասում՝ Ազատության փողոցում, շրջակա տարածքում և «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում, գծանշումները վերջին անգամ կիրառվել են 2019 թվականին և մի քանի ամիս անց ջնջվել։ 2020 թվականին գծանշումներ են հայտնվել Ազատություն-Ջավախիշվիլի խաչմերուկում։

Ախալքալաք քաղաքի փողոցները բաժանված են երկու մասի՝ մի մասը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության տակ, մյուսը՝ Ճանապարհային վարչության պատասխանատվության տակ և ունի պետական նշանակություն։ Պետական նշանակության ճանապարհները մշտապես սպասարկվում են կոնկրետ ընկերության կողմից, որը շահում է բազմամյա մրցույթ։ Ջավախքի պետական ճանապարհները սպասարկվում են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության կողմից։ Այս պետական ճանապարհների մի մասն է նաև Աղմաշենեբելի փողոցը, որը վերանորոգվել է 2019-2020 թվականներին: Այս ճանապարհի վերանորոգումից հետո պետք է տեղադրվեին գծանշումներ և հայելիներ: Սակայն, արդյունքում, գծանշումները տեղադրվել էին 2023 թվականի հունիսի 28-ին՝ միայն Ճանապարհային վարչություն բազմաթիվ դիմումներից հետո, քանի որ քաղաքի այս հատվածում հաճախ տեղի էին ունենում ավտովթարներ և հետիոտների վրաերթներ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝