Oգոստոսի 10-ի վաղ առավոտյան, Թբիլիսիի ժամանակով ժամը 4-ին Կալիֆորնիայում, երկամյա դադարից հետո կրկին ռինգ կբարձրանա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը։ Վերջինս կմենամարտի դոմինիկացի Դաննիս Ագուերո Արիասի հետ։
Ջավախքցի մարզիկ Օթար Երանոսյանը հանդես է գալիս 59 կգ քաշային կարգում։ Վերջինս գտնվում է մարզական գերազանց վիճակում։
Օթարի խոսքով, երկու տարվա դադարը պայմանավորված էր ոչ թե իր մարզական վիճակով, այլ խնդիր է եղել մենեջերի հետ։
«Հիմա շատ լավ մարզավիճակում եմ, նոր պայմանագիր ունեմ արդեն ուրիշ մենեջերի հետ։ Հուսով եմ կկարողանա կազմակերպել այն ինչ ինձ է պետք՝ չեմպիոնական մենամարտեր։ Մի քանի պատճառներ կային կապված մենեջերի հետ։ Մենամարտերի քանակը քիչ էր, ուզում էի ավելի հաճախ մենամարտել, բայց չէր կարող կազմակերպել», — Jnews-ի հետ բացառիկ զրույցում ասաց հայտնի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը։
Վերջինս այս երկու տարվա ընթացքում մշտապես մարզվել է։
«Ես միշտ պատրաստ եմ եղել նորից վերադառնալ ռինգ։ Արդեն երեք ամիս է ինչ պատրաստվում եմ այս մենամարտիս։ Ամեն օր մարզվելով նորից ձեռք բերեցի իմ առաջվա մարզական վիճակը», — ասաց Օթար Երանոսյանը։
Օթարի մրցակիցը փորձառու մարզիկ է՝ դոմինիկացի Դաննիս Ագուերո Արիասն է։ Վերջինս իր հաշվին ունի գրանցած 20 հաղթանակ և 3 պարտություն։