«Թբիլիսոբայի» տոնակատարությունը կազմակերպելու համար մայրաքաղաքի քաղաքապետարանը հայցում է պարզեցված գնումներ: Ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 3 439 500 լարի:
Փաստաթղթերից բխում է, որ այս տարվա սեպտեմբերի 20-21-ը «Թբիլիսոբա» տոնակատարության ժամանակ Օրբելիանի հրապարակին հարող տարածքում (Չոր կամրջի, Գիորգի Աթոնելիի անվան փողոցի, Իտալիայի փողոցի, Խազինի փողոցի, Փխովի փողոցի, Անտոն Փուրցելաձեի փողոցի հարակից տարածք) և Ռիղեի այգում նախատեսվում է անցկացնել ժամանցային և դիտարժան միջոցառումներ:
«Տեղանքներում կներկայացվեն բազմազան թեմատիկ զարդարանքներ, եռաչափ ինստալյացիաներ, լուսանկարչական գոտիներ, զարդարված տաղավարներ և վաճառասեղաններ, կամարներ, տոնական նրբանցք, կամրջի, փողոցների և ֆասադների թեմատիկ զարդարանքներ, մանկական ցուցահանդեսային տաղավարներ, մշակութային, սպորտային և հանգստի գոտիներ, բեմական ձևավորումներ…
Կլինեն տարբեր ժանրերի մանկական և երեկոյան համերգներ, էլեկտրոնային կենդանի շոուներ, թատերական ներկայացումներ/փերֆորմանսներ: Կկազմակերպվեն բազմազան մշակութային, սպորտային, կրթական և մանկական ժամանցային միջոցառումներ, բացօթյա կինոթատրոն, հեքիաթային հերոսների երթ, «Քաղցրավենիքի փառատոն», «Թբիլիսիի շուկա», «Թբիլիսիի բազմազանություն» ցուցահանդես-վաճառք և «Զգա Թբիլիսիի համը /Taste Tbilisi», որը կներառի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Կկազմակերպվեն քաղցրավենիքի և սննդի համար նախատեսված տարածքներ, գաստրոնոմիկ գոտիներ և գինու տաղավարներ: Կանցկացվի գալա համերգ և Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների մրցանակաբաշխություն:
Խնդրում ենք Ձեզ, վերը նշվածի անխափան իրականացումն ապահովելու համար, հանձնարարել համապատասխան ծառայությանը պարզեցված գնումների միջոցով իրականացնել միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների պետական գնումները», — ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի նամակում: