Հայտնի են ընդհանուր ունակությունների քննության արդյունքները։ Ախալաքալքից դիմորդները կիսվում են իրենց հաջող արդյունքներով, նրանցից մեկը՝ Աննա Դավթյանը, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական դպրոցից, բարձր արդյունքներով հանձնել է ընդհանուր ունակությունների քննությունը (63/80) և պատրաստվում է ուսումը շարունակել Թբիլիսիի պետական համալսարանում։ Jnews-ի հետ զրույցում Աննան պատմել է իր կրթական ճանապարհի, դժվարությունների ու հաջողության գաղտնիքի մասին։
Աննան մեծացել է Ախալքալաքում, ավարտել դպրոցը բարձր առաջադիմությամբ և իր կրթությունը համարում է արժեքների ու մտածողության ձևավորման կարևոր փուլ։
«Իմ կրթական ճանապարհը սկսել եմ Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական հանրային դպրոցում, որտեղ անցկացրել եմ իմ ամենահիշարժան ու ձևավորող տարիները։ Դպրոցը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև մտածողության, ձևավորման ու արժեքների ձեռքբերման տարածք»։
Հետևողականությունը, ինչպես ինքն է ասում, եղել է իր ուղեկիցը դեռ դպրոցական տարիքից։ Բացի ուսումից, Աննան հետաքրքրված է եղել կամավորությամբ ու ոչ ֆորմալ կրթությամբ։ Առաջին փորձը կամավորության մեջ ունեցել է ՄԵՄ՝ Մարզերի Երեխաները Մարզերում կազմակերպությունում, որտեղ նոր փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել։
Ընդհանուր ունակությունների քննությանը Աննան մոտեցել է համակարգված։ Լարվածություն գրեթե չի զգացել։ Նա հստակ տարբերում է դաս սովորելու երկու մեթոդ՝ երկար և խելացի սովորելու միջև՝ նախընտրելով երկրորդը։
«Ես ընտրել էի ոչ թե երկար սովորելու, այլ խելացի սովորելու ճանապարհը։ Սովորել եմ կառուցված, մտածված կերպով՝ շեշտադրելով որակը, ոչ թե քանակը։ Ամենից կարևորն այն էր, որ ամբողջ ընթացքում լիովին վստահ էի իմ գիտելիքների ու պատրաստվածության վրա, հենց այդ վստահությունն էլ դարձավ հանգստությանս ու հաջողությանս խթանը»։
Քննություններին պատրաստվել է շուրջ հինգ ամիս՝ այցելելով մաթեմատիկայի և տրամաբանության պարապմունքների։ Այս ընթացքում նա ոչ միայն խորացրել է գիտելիքներն, այլև զարգացրել է վերլուծական մտածողությունը։
«Այս գործընթացը դարձել էր ոչ միայն պատրաստություն, այլև անձնական աճի շրջան, որտեղ յուրաքանչյուր պարապմունք ինձ մի քայլով մոտեցնում էր նպատակիս»։
Քննության օրը, սակայն, առանց դժվարությունների չի անցել։ Կազմակերպչական խնդիրները՝ սխալ ժամի նշումը և երկար սպասման անհրաժեշտությունը, դարձել են հոգնեցնող գործոն։
«Մեր քննաթերթիկում նշված էր, որ քննությունը սկսվում է ժամը 14:00-ին, բայց պարզվեց՝ այդ ժամը իրականում նախատեսված էր միայն գրանցման համար։ Բոլորս, ինչ-որ չափով անտեղյակությունից, ստիպված էինք երկար ժամանակ սպասել դրսում՝ արևի տակ գրեթե 2-3 ժամ, հետո մոտ մեկ ժամ էլ ներսում էինք՝ մինչև սկսվեց քննությունը։ Եվ վերջապես, 3 ժամ շարունակ աշխատեցինք՝ կենտրոնացած, լռության պայմաններում։ Ըստ ինձ քննությունն այնքան էլ դժվար չէր, որքան հոգնեցնող էր սպասումը»։
Այնուամենայնիվ, Աննան փորձել է կենտրոնացած անցկացնել քննությունը։ Ինչպես պատմում է, առաջադրանքները իրեն ծանոթ էին, և պատասխանելու ժամանակն էլ ամբողջությամբ չէր սպառել։
Չնայած հոգնածությանը՝ քննությունից հետո նա բավականին հանգիստ էր։ Ինքն էլ չէր սպասում այնքան բարձր միավորների, որքան ստացել էր, բայց վստահ էր, որ լավ արդյունք կունենա։
«Սպասում էի լավ արդյունքի, բայց անկեղծ ասած՝ ոչ այսքան։ Չնայած դրան՝ վստահ էի, որ աշխատանքս ու պատրաստվածությանս մակարդակը չէր կարող ապարդյուն լինել։ Քննական շրջանում շատ են եղել թերագնահատող կամ չհավատացող մարդիկ, ինչը ինձ ոչ թե խանգարել է, այլ դարձել է մոտիվացիա»։
Երբ ստացավ արդյունքները, Աննան զգաց խորը գոհունակություն, միևնույն ժամանակ նկատեց, որ որոշ մանր սխալներ կարող էին չլինել, և արդյունքը՝ բարձրանալ։
«Չնայած, որ մի պահ մտածեցի, որ կարող էի ավելի բարձր արդյունք ունենալ, եթե որոշ աննշան սխալներից խուսափեի, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ՝ գիտեմ, որ արժանի էի այս արդյունքին։ Ամենակարևորը կարողացել եմ արդարացնել ծնողներիս ակնկալիքներն ու սպասումները»։
Աննայի կրթական ճանապարհի հաջորդ կանգառը լինելու է Թբիլիսիի պետական համալսարանը։ Նա արդեն որոշել է ապագա մասնագիտությունը, ընտրելու է լեզվաբանություն-թարգմանչություն մասնագիտությունը:
«ԹՊՀ-ն հեղինակավոր ու փորձառու բուհ է՝ բազմազան կրթական ծրագրերով։ Այնտեղ ուսանողը կարող է զարգանալ ոչ միայն ակադեմիկապես, այլև որպես մարդ՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, նախագծերի ու միջազգային փոխանակման ծրագրերի։ Բացի այդ, ուզում եմ ինքս ինձ փորձեմ նոր միջավայրում, ծանոթանամ տարբեր մշակույթների ու մարդկանց հետ։ Համալսարանական կյանքը Թբիլիսիում հնարավորություն է՝ սովորելու ոչ միայն գրքերում, այլև կյանքում»։
Աննան լեզուները դիտում է ոչ միայն որպես մասնագիտություն, այլ որպես կամուրջ՝ մարդկանց, մշակույթների և գաղափարների միջև։
«Ինձ գրավում է տարբեր լեզուների մտածելակերպն ու մշակութային աշխարհը, և թարգմանչությունը համարում եմ միջոց՝ մարդկանց փոխադարձ ըմբռնման համար։ Ուզում եմ հենց այդ գործընթացի մի մասը դառնալ»։
Աննայի պատմությունը աշխատասիրության, կարգապահության և համառության արդյունք է։ Նրա խորհուրդը բոլոր այն դիմորդներին, ովքեր դեռ նոր են անցնելու նույն ճանապարհով, պարզ է ու անկեղծ։
«Հավատացեք ինքներդ ձեզ, աշխատեք խելացի, սիրով ու վստահությամբ։ Մի վախեցեք դժվարություններից կամ կասկածներից։ Ամեն օր նույնիսկ փոքր քայլերը կարևոր են կայանալու համար։ Եվ հիշեք՝ երբ դուք հավատում եք ձեզ, մյուսների թերահավատությունն այլևս ոչինչ է։ Ձեր ապագան միայն ձեր ձեռքում է»։