Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում մեկնարկեց «Ջավախք» ճամբարը, որտեղ ավելի քան 150 երեխա իրենց 5 օրերը կանցկացնեն ամառային արձակուրդների մնացած օրերից տարբերվող ձևով: Այս ճամբարն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ շնորհիվ ԱՄՆ-ի Արևելյան շրջանի երիտասարդ ջոկատավարների ջանքերի, ներդրումների և անմիջական աշխատանքի:
Այսօր ճամբարը մեկնարկեց Ախալքալաքում և Ախալցիխեում, իսկ 10-ին այն կմեկնարկի Նինոծմինդայում և Ծալկայում՝ Դարագյուղում։
Ախալքալաքում ճամբարն ընդունեց 150 երեխայի, դրանք հիմնականում Երիտասարդական կենտրոնի տարբեր խմբակների, ԹՈՒՄՈ-ի դասընթացներին հաճախող երեխաներն են, բազմազավակ և կարիքավոր ընտանիքների երեխաները և մի քանի այլ երեխաներ։
Այս տարի, ինչպես ամեն տարի, ճամբարին մասնակցում են Վրաստանի չորս մունիցիպալիտետներից՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից և Ծալկայից 450-500 երեխաներ: Ճամբարն անցկացվում է 5 օր վերը նշված չորս մունիցիպալիտետներում: Զուգահեռաբար, ճամբարը վարում են ջոկատավարների երկու խմբեր: Այսօր 12 ջոկատավարներ Ախալքալաքում ստանձնեցին ջոկատավարի դժվարին պարտականությունը, իսկ աշխարհի տարբեր երկրներից 11 երիտասարդներ նույն ծրագրի շրջանակներում սկսեցին իրենց աշխատանքն Ախալցիխեում:
Ախալքալաքի և Ախալցիխեի ճամբարի փակումը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Ինչպես և ամեն տարի, ճամբարի պաշտոնական բացումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի օրհներգերի կատարմամբ։ Երեխաները ստացան բրենդավորված մարզաշապիկներ և գրենական պիտույքներ, այդ թվում՝ հատուկ այս ճամբարի համար կազմված գիրք։ Ճամբարային միջոցառումների ընթացքում նախատեսված են պատմության դասախոսություններ, քննադատական մտածողության զարգացման դասընթացներ, երգի, պարի, ձեռագործ աշխատանքների դասեր, ինչպես նաև բազմաթիվ խաղեր։
Ճամբարում երեխաները բաժանված են երեք տարիքային խմբերի, մասնակցում են 7-ից 16 տարեկան երեխաներ։
Այս տարի նախատեսվում է, որ երեխաները ճամբարի շրջանակներում կխաղան և կմարզվեն Մարզահամալիրում և քաղաքային մարզադաշտում։
«Ջավախք» ճամբարը «Հայ օգնության միության» (ՀՕՄ) ծրագիրն է, որն իրականացվում է Ամերիկայի արևելյան ափի երիտասարդների նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ: Ամեն տարի ԱՄՆ-ից և այլ երկրներից եկած երիտասարդներ գումար են հավաքում այս ճամբարի համար և հենց իրենք էլ անցկացնում են այն՝ ՀՕՄ-ի աջակցությամբ: Երիտասարդական կենտրոնի երիտասարդները տեղում օգնում են այցելող ջոկատավարներին:
Այս տարի ճամբարի ջոկատավարների ղեկավարը Վրեժ Դաուլին է, նա ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքից է, աշխատում է կլինիկայում և պատրաստվում է ընդունվել բժշկության դպրոց: Սա արդեն երրորդ անգամն է, որ նա աշխատում է տեղի երեխաների հետ «Ջավախք» ճամբարի շրջանակներում: Նա ասում է, որ բժշկությունը և մարդկանց որոշ չափով օգնելու ցանկությունը նպաստում են նրան, որ ինքը ցանկանում է օգնել Ջավախքի երեխաներին զարգանալ:
«Այս ճամբարի նպատակները չեն փոխվում։ Այն է՝ ժպիտ առաջացնել այս երեխաների դեմքերին, սա է գերագույն նպատակը։ Հետո գալիս է կարգապահությունը, որպեսզի նրանք իմանան, որ կան այլ հայեր էլ, և որպեսզի կապ լինի այս տարբեր հայերի միջև», — ասում է նա։
Ջոկատավարներն ունեն չգրված օրենք, ներքին կանոններ՝ խթանելու երեխաների մոտիվացիան և զարգացումը՝ հիմնված Վրաստանի օրենքների և կարգի, ինչպես նաև այն կոնկրետ տարածքի մշակույթի վրա, որտեղ անցկացվում է ճամբարը, այս դեպքում՝ Ախալքալաքի։
Ջոկատավարներին դուր է գալիս Ախալքալաքը։ Տներն իրենց բակերով, ծառերը, թեև քիչ են, բայց այս ամենը ջոկատավարներին հանգստության զգացում է պարգևում, չնայած, ինչպես Վրեժն է ասում, սա ջոկատավարների համար արձակուրդ չէ, սա կարևոր աշխատանք է, քանի որ նրանք պետք է օրինակ ծառայեն երեխաների համար։ Յուրաքանչյուր ջոկատավար պետք է խստորեն հետևի, թե ինչպես նա պետք է ներկայանա երեխաների առջև։
«Ինչպես ես ուտում, ինչպես ես հագնվում, ինչպես ես խոսում, ինչպես ես վարվում և ինչպես ես ցույց տալիս քո սեփական փորձից նպատակ դնելը, այսինքն՝ եթե ուզում ես դառնալ բժիշկ կամ ինժեներ, կամ ֆիզիոթերապևտ, ապա սա պետք է լինի օրինակելի», — ոգևորությամբ ասում է ջոկատավարների ղեկավար Վրեժ Դաուլին։
Հինգ օրվա ընթացքում ջոկատավարներն ու երեխաները կպատրաստվեն նաև հրաժեշտի միջոցառմանը՝ երգերով, պարերով…