Օգոստոսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հավանություն տվեց Տարածաշրջանային հիմնադրամից ստացված 383 779 լարիի վերաբաշխմանն՝ ուղղված Գոգաշեն-Ափնիա ճանապարհի արագացված վերականգնմանը: Երկու տարվա համար նախատեսված նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի վերջ:
Սակրեբուլոյի տվյալ նիստը գումարվեց արագացված կարգով, քանի որ ընտրություններից երկու ամիս առաջ արգելվում է կատարել բյուջեի ճշգրտումներ, որպեսզի դրանք չօգտագործվեն ընտրողների ձայները կաշառելու համար:
Օգոստոսի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ նիստ, որի շրջանակներում անցկացվեց նաև երեք հանձնաժողովի և բյուրոյի նիստեր: Պատգամավորները միաձայն հաստատեցին Տարածաշրջանային հիմնադրամից կոնկրետ նպատակներով հատկացված 383 779 լարիի բաշխումը:
Քաղաքապետարանը որոշեց այս միջոցներն օգտագործել Գոգաշեն-Ափնիա ճանապարհի արագացված վերականգնման համար, որպեսզի աշխատանքները երկու տարվա փոխարեն ավարտվեն մեկ տարում։
Հարկ է նշել, որ այս ճանապարհի վերանորոգման նախագիծը պլանավորված էր երկու տարվա համար (2025-2026 թթ.)։ 2025 թվականին նախատեսված էր ծախսել 944 073 լարի, իսկ 2026 թվականին՝ 854 162 լարի։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 798 235 լարի։
Չնայած հուլիսի 30-ի նիստը համարվում էր ընտրություններից առաջ բյուջեի վերջին ճշգրտումը, սակայն օգոստոսի 1-ին, արագացված կարգով անցկացվեց ևս մեկը։
«Քանի որ երկրորդ փուլում Տարածաշրջանային հիմնադրամը մեզ լրացուցիչ միջոցներ հատկացրեց, մենք որոշեցինք դրանք ուղղել Գոգաշեն-Ափնիա ճանապարհին, որպեսզի այդ աշխատանքներն ավարտվեն մեկ տարում», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը հավելեց, որ Տարածաշրջանային հիմնադրամից միջոցներն ամեն տարի հատկացվում են երկու կամ երեք փուլով։
«Երբ մրցույթներից հետո մնում են չօգտագործված միջոցներ, դրանք վերաբաշխվում են մունիցիպալիտետների միջև։ Մենք նաև սպասում ենք ֆինանսավորման երրորդ փուլի», — նշեց նա։
Այս տարի առաջին փուլում Տարածաշրջանային հիմնադրամից հատկացվել է 1.4 միլիոն լարի, իսկ երկրորդում՝ 383 779 լարի։