Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Վրաստանի գյուղական զարգացման ծրագրերի կառավարման գործակալության գործող բաժնի պետ Թ.Կ.-ին։
Ֆինանսների նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ քննչական ծառայության պետի տեղակալ Էլգուջա Թավբերիձեն հայտարարել է, որ մեղադրյալը, անձնական գույքային օգուտ ստանալու նպատակով, ակտիվորեն մասնակցել է կազմակերպված խմբի հանցավոր գործունեությանը և գործակալության նախկին աշխատակից Լ.Դ.-ի և խմբի մյուս անդամների հետ միասին բաշխել է անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները միմյանց միջև։
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ քննչական ծառայության կատարած քննության շրջանակներում 2025 թվականի հուլիսի 18-ին «Գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման պետական ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհների խարդախ յուրացման համար ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ կազմակերպիչներից մեկը՝ Լ.Դ.-ն, որը Գյուղական զարգացման գործակալության նախկին աշխատակից է», — ասված է հայտարարության մեջ։