նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Ախալքալաքի գյուղերում անասունների մոտ գրանցվել են դաբաղի ախտանիշներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո, Մարտունի և Խորենիա գյուղերում խոշոր եղջերավոր անասունների մոտ գրանցվել է դաբաղին բնորոշ ախտանիշներով հիվանդություն։ Սննդի ազգային գործակալության մարզային գրասենյակի աշխատակիցներն, ախտորոշման համար, հիվանդ կենդանիների ախտաբանական նյութի նմուշներն ուղարկել են լաբորատորիա։ Կատարվում են խոշոր եղջերավոր անասունների ախտահանման և բուժման միջոցառումներ։ Կենդանիների անկման դեպքեր չեն գրանցվել։

Դաբաղին բնորոշ ախտանիշներն այս գյուղերում նկատվել են մոտ տաս օր առաջ:

Ազգային սննդի գործակալության Սամցխե-Ջավախեթիի մարզային բաժնի ավագ տեսուչ Մխիթար Պարոնյանի խոսքով, ախտորոշումը դեռևս հաստատված չէ:

«Մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքները չստանանք, չենք կարող վստահաբար ասել, որ դա դաբաղ հիվանդությունն է։ Հնարավոր է, որ դա վեզիկուլյար ստոմատիտ է։ Սակայն ախտանիշները համընկնում են, և մենք արդեն սկսել ենք կանխարգելիչ միջոցառումներ՝ ախտահանում և հակաբիոտիկային բուժում։ Մեր դիտարկումների համաձայն բուժումն օգնում է», — նշեց Պարոնյանը։

Նա հավելեց, որ սկզբում գյուղացիները փորձել են թաքցնել հիվանդության փաստը, սակայն անասնաբուժական ծառայությունը, այնուամենայնիվ, իմացել է դրա մասին և համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Հուլիսի 22-ին վերցվել են ախտաբանական նյութի նմուշներ, որոնք ուղարկվել են Թբիլիսի, որտեղից արդյունքում, անալիզի նպատակով, դրանք ուղարկվել են Մեծ Բրիտանիա։ Արդյունքները դեռևս չեն եկել։

Նախնական տվյալներով, հիվանդությունը նկատվել է մոտ 150 գլուխ խոշոր եղջերավոր անասունի մոտ։ Մունիցիպալիտետում կենդանիների անկում չի գրանցվել։ Մյուս գյուղերում հիվանդության դեպքեր չեն նկատվում։

Պարոնյանի խոսքով, մունիցիպալիտետում, այս տարի դաբաղ հիվանդության դեմ պլանային պատվաստումն իրականացվել է, սակայն այն չի ներառել վիրուսի բոլոր հնարավոր տարբերակները։

«Դաբաղ հիվանդությունն ունի յոթ սերոտիպ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 65 ենթատիպ: Մենք պատվաստել ենք չորս սերոտիպի դեմ, բայց թե որ տիպն է առաջացրել հիվանդությունը, դեռևս հայտնի չէ: Դա ցույց կտա լաբորատոր անալիզը», — բացատրեց անասնաբույժը:

Դաբաղ հիվանդությունը ընտանի և վայրի երկսմբակավոր կենդանիների վիրուսային, սուր հիվանդություն է, որը բնութագրվում է տենդով և բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և մաշկի վրա աֆթաների (բշտերի) առաջացմամբ: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր անասուններն ու խոզերը, ավելի քիչ զգայուն են ոչխարները, այծերը և վայրի երկսմբակավոր կենդանիները: Մարդիկ նույնպես կարող են հիվանդանալ դաբաղ հիվանդությամբ:

Հիվանդության աղբյուրը հիվանդ կենդանիներն են, այդ թվում՝ հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանում գտնվողները, որը սովորաբար տևում է 1-ից 7 օր, իսկ երբեմն՝ մինչև 21 օր: Հարուցիչը առանձնանում է արտաքին միջավայրում իր դիմացկունությամբ: Հիվանդ կենդանու կողմից աղտոտված առարկաների վրա այն կենսունակ է մնում մինչև 150 օր, կեղտաջրերում՝ մինչև 100, գոմաղբում՝ մինչև 170, արյան մեջ՝ մինչև 40, բրդի վրա՝ մինչև 30, երշիկեղենում՝ մինչև 90 օր: Պաստերիզացված կաթում մեռնում է 5 ժամ անց, իսկ եռացնելիս՝ 5 րոպե անց, այն երկար չի գոյատևում նաև ֆերմենտացված կաթնամթերքում:

Անվտանգության համար անհրաժեշտ է կաթը եռացնել կամ պաստերիզացնել: Եռացնելիս կամ պաստերիզացնելիս դաբաղ հիվանդության վիրուսը մահանում է:

Հարուցիչը կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել հետևյալ ճանապարհներով.

1. Կոնտակտային՝ երբ այն ընկնում է վնասված մաշկի կամ լորձաթաղանթների վրա կենդանիների խնամքի պարագաների, գոմաղբի, գոմափռոցների և այլնի միջոցով։

2. Սննդային՝ երբ հիվանդ կենդանու կաթը կամ մսամթերքը օգտագործվում է սննդում։

3. Ջրային՝ եթե ջրում կա հարուցիչ։

4. Օդակաթիլային՝ երբ շնչում են բրդի, գոմաղբի, թքի կամ կերի մասնիկներ, որոնք պարունակում են դաբաղ հիվանդության վիրուսԱնաս։ Մարդիկ բավականին իմունիտետ ունեն վարակի նկատմամբ, սակայն իմունային պաշտպանության նվազման կամ հարուցիչի մեծ քանակության դեպքում դաբաղ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Դաբաղ հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝