նորություններ 1 Օգոստոսի, 2025 • Լռություն ընտրություններից առաջ. Ախալքալաքում ո՛չ ընտրարշավ կա,  ո՛չ էլ ընդդիմություն

2025 թվականի հոկտեմբերին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Նախընտրական շրջանում Ախալքալաքը միշտ համեմատաբար հանգիստ շրջան է եղել խոշոր քաղաքների համեմատ, բայց այս տարի նախընտրական պասիվությունը հատկապես ցածր է: Նույնիսկ իշխող կուսակցությունը չի շտապում աշխատել քարոզիչների հետ, ինչը հիմնականում ակտիվորեն անում էր ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Jnews-ը, Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակիի հետ, զրուցեց նախընտրական իրավիճակի, ավելի կոնկրետ՝ դրա բացակայության մասին։

Ընտրություններին մասնակցելու կուսակցությունների գրանցման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 4-ին։ Այդ օրվանից հետո ճշգրիտ պարզ կդառնա, թե արդյոք «Վրացական Երազանք»-ը կմնա «միակ» կուսակցությունն ընտրություններում, թե «Լելո» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները, այնուամենայնիվ, կմասնակցեն ընտրություններին։

Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակին հակված է կարծել, որ նույնիսկ վերոնշյալ երկու ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա, նրանք իրատեսական շանսեր չունեն։

«Այն ինչ կա այսօր, դա ամենավատ տարբերակն է։ Որոշները մասնակցում են, որոշները՝ ոչ։ Կամ բոլորը պետք է բոյկոտեին, կամ բոլորը պետք է մասնակցեին։ Միայն այդ դեպքում ընդդիմությունը շանսեր կունենար», — ասում է Կոտե Կանդելակին։

Վերջինիս խոսքով, ոչ միայն Ախալքալաքում, այլև ամբողջ Վրաստանում, այդ թվում՝ Թբիլիսիում, այս տարի իրավիճակը հանդարտ է։

«Դեռ պարզ չէ, թե ով կմասնակցի։ Ամեն ինչ հանգիստ է։ Հնարավոր է բյուջեում որոշակի սոցիալական վճարումներ նախատեսված լինեն, բայց ոչինչ աչքի չի ընկնում որպես ընտրություններին ընդառաջ քայլ։ Նրանք մրցակիցներ գործնականում չունեն, ուստի անհրաժեշտություն չկա 100%-ով օգտագործել վարչական ռեսուրսները։ Այս իրավիճակը կպահպանվի մինչև թեկնածուների հայտարարումը։ Պարզ է, որ իշխող կուսակցությունն իրական մրցակիցներ չի ունենա, քանի որ շատ կուսակցություններ բոյկոտում են ընտրությունները։ Ամեն ինչ պարզ կդառնա օգոստոսի 4-ից հետո», — հավելում է Կանդելակին։

Արդեն հասկանալի է, որ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չի մասնակցի ընտրություններին: Իրենց հնարավոր մասնակցության մասին հայտարարել են միայն «Լելո» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունները: Սակայն, շատերի կարծիքով, նույնիսկ նրանց մասնակցությունը չի փոխի իրավիճակը։ Ակնհայտ է, որ այս ընտրությունները լրիվությամբ կտարբերվեն անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից: Կոտե Կանդելակին նույնպես այդկերպ է մտածում, ասելով, որ վերջին ընտրություններում բոլոր վարչական ռեսուրսները գործարկվել են:

«Այն ժամանակ բացարձակապես բոլոր ռեսուրսները օգտագործվեցին։ Հիմա, երբ ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում, դա ձեռնտու է իշխանություններին։ Ընդդիմադիր ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, պարզապես չի գա ընտրություններին, և դա նվազեցնում է մյուս կուսակցությունների շանսերը։ Բացի այդ, մեծամասնական ընտրատարածքների թիվը կրկին ավելացել է, և ընդդիմության համար ավելի դժվար կլինի հաղթել խոշոր քաղաքներում։ Նրանց հնարավորությունները շատ նվազ են։ Վերջին ընտրություններում նրանք գոնե հաղթել էին խոշոր քաղաքներում», — ասում է նա։

Այսպիսով, ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի կողմից ընտրությունները բոյկոտելու ֆոնին, Ախալքալաքի 2025 թվականի ՏԻՄ ընտրությունները, հավանաբար, կանցնեն առանց լուրջ քաղաքական մրցակցության: Իշխանությունները վստահ են իրենց դիրքորոշման մեջ, ընդդիմությունը՝ մասնակցության անիմաստության մեջ, իսկ քաղաքացիները, կարծես, մնում են կողքից դիտորդներ: Պատկերը վերջնականապես պարզ կդառնա օգոստոսի 4-ից հետո, մասնակիցների գրանցման ժամկետի ավարտից հետո: Մինչդեռ, Ախալքալաքում ավելի շատ ընտրարշավի բացակայություն է տիրում, քան՝ ձայների համար պայքար:

Այս պահին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է միայն երկու կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար» և «Հայրենիք, լեզու, հավատք» կուսակցությունները, որոնք չեն համարվում «Վրացական երազանքին» ընդդիմադիր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝