նորություններ 31 Հուլիսի, 2025 • Վերջին բյուջետային ճշգրտումներն ընտրություններից առաջ. հաստատվեցին նոր նախագծեր

Հուլիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի ունեցավ նիստ, որի ընթացքում քննարկվեց չորս հարց։ Դրանց թվում են բյուջեի 813 450 լարիի չափով փոփոխությունները, բնական աղետների պատճառած վնասի դեպքում փոխհատուցում տրամադրելու կարգի հաստատումը, ինչպես նաև կանանց և երեխաների հարցերով Մունիցիպալ խորհրդի կանոնակարգի փոփոխությունները։ Բոլոր փոփոխությունները պատգամավորների կողմից հաստատվեցին։

Այս նիստը վերջինն էր ընտրություններից առաջ, որի ընթացքում քննարկվեց 2025 թվականի բյուջեի փոփոխության հարցը։ Հաջորդ բյուջետային փոփոխությունը կքննարկվի Սակրեբուլոյի նոր կազմի կողմից։
Բյուջեում կատարված փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 813 450 լարի։ Դրանցից՝

• 178 165 լարին մրցույթներից ստացված խնայողություններն են,

• 630 000 լարին չեղարկված նախագծերի միջոցները,

• 5 285 լարին փոխանցված մնացորդը։

Բյուջեի փոփոխությունների ընդհանուր փաթեթից 738 800 լարի կծախսվի հետևյալ նախագծերի վրա.

• Չունչխա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգում՝ 107 000 լարի,
• Կոթելիա գյուղում զբոսայգու և խաղահրապարակի կառուցում՝ 150 000 լարի,
• Խորենիա գյուղում մինի-մարզադաշտի կառուցում՝ 80 000 լարի,
• Չամդուրա գյուղում մինի-մարզադաշտի կառուցում՝ 100 000 լարի,
• Բարալեթ գյուղի ներքին ճանապարհների վերանորոգում՝ 200 000 լարի,
• Լոմատուրցխ գյուղում մինի-մարզադաշտի կառուցում՝ 55 000 լարի,
• Ախալքալաքի նոր գերեզմանատուն տանող ճանապարհի բարեկարգում՝ 40 000 լարի,
• Սամսար գյուղի ոռոգման համակարգի խողովակների գնում՝ 6800 լարի։

Լրացուցիչ միջոցներ են հատկացվել նաև որոշ ծախսերի համար՝

• 30 000 լարի հատկացվեց մարզահամալիրին՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար,
• 10 000 լարի՝ քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերի համար,
• 20 000 լարի՝ «Տաո» մարզային ակումբին, համաձայն այս ակումբի հետ կնքված պայմանագրի,
• 5000 լարի՝ Սամցխե-Ջավախքի մարզային ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար,
• Քաղաքի օրվա տոնակատարությունների համար հատկացված միջոցներին ավելացվեց 9650 լարի։ Ախալքալաքի օրվա ընդհանուր ծախսերից 77 762 լարի կհատկացվի մունիցիպալ հաստատություններին, որպեսզի նրանք ևս մասնակցեն տոնի կազմակերպմանը՝ յուրաքանչյուրն ըստ իր պրոֆիլի։

Փոփոխություններից հետո Ախալքալաքի բյուջեի ազատ մնացորդը կազմում է 4467,83 լարի։

Պատգամավորները նաև հաստատեցին բնական աղետների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման նոր կարգը։ Բացի այդ, փոփոխություններ ընդունվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի Կանանց և երեխաների հարցերով քաղաքային խորհրդի կանոնակարգում:

Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր տվեցին և բացատրություններ ստացան Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ծառայությունների ներկայացուցիչներից, որոնք ներկա էին նիստին։ Որոշ պատասխաններ չբավարարեցին պատգամավորներին, սակայն օրակարգում ընդգրկված բոլոր չորս հարցերն էլ հաստատվեցին։

2025 թվականի բյուջեի հաջորդ փոփոխությունն արդեն կքննարկվի և կհաստատվի Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորների նոր կազմի կողմից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝