նորություններ 31 Հուլիսի, 2025 • Ախալքալաքի քաղաքապետարանը վերանայեց պահուստային ֆոնդից փոխհատուցման կարգը

Հուլիսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի երեք հանձնաժողովների նիստում, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվեց նաև մունիցիպալիտետի պահուստային ֆոնդից բնական աղետների պատճառած վնասի դեպքում փոխհատուցում տրամադրելու կարգը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, բնական աղետների հետևանքով, բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը որոշեց ավելի հստակ սահմանել։ Պահուստային ֆոնդից օգնություն կարող են ստանալ Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև երկրում բնակության թույլտվություն ունեցող անձինք։

Փոփոխությունները և կոնկրետ մանրամասները պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի վարչա-իրավական հարցերով իրավաբանական ծառայության պետ Թեյմուրազ Մանվելյանը։ Նրա խոսքով, նախկինում, պահուստային ֆոնդից օգնություն տրամադրելու կարգը հստակ ձևակերպված չէր, ինչը հաճախ դժգոհություն և թյուրըմբռնում էր առաջացնում բնակչության շրջանում։

Նոր կարգի համաձայն, պահուստային ֆոնդից օգնություն կարող է տրամադրվել, եթե բնական աղետը վնաս է պատճառել.

1. Բնակելի շենքերին,

2. Գոմերին,

3. Սննդամթերքի պահեստներին

Փոխհատուցման չափը կարող է տատանվել վնասի գումարի 25%-ից մինչև 100%-ի սահմաններում, բայց ոչ ավել, քան 5000 լարի։ Միջոցները հատկացվում են բացառապես շինանյութերի գնման համար։

Թեյմուրազ Մանվելյանը նշեց, որ դիմումները քննարկելիս հաշվի կառնվի նաև ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը։

Փոխհատուցում չի տրամադրվում այն դեպքերում, եթե վնասվել են՝

1. Ավտոտնակները,

2. Ֆերմաները,

3. Կոմերցիոն շենքերը

Տուժողները պետք է դիմում ներկայացնեն քաղաքապետարան և տրամադրեն վնասված օբյեկտի լուսանկարները։

2014 թվականի «Վրաստանի ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մունիցիպալիտետի պահուստային ֆոնդի չափը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 2%-ը։

2025 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի պահուստային ֆոնդը կազմում է 300 000 լարի։

Վերատպման կանոն