Նոյեմբերի 1-ից Վրաստանում կարգելի պետծառայողներին աշխատել մի քանի կառույցներում։ Մարդիկ, ովքեր աշխատում են մեկից ավելի կառույցներում, չգիտեն, կոնկրետ ո՞ւմ է վերաբերվում և երբվանի՞ց կգործի նոր օրենքը։ Jnews-ը դիմեց Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն, որտեղից նշեցին օրենքը, որում նշված է վերոնշյալ փոփոխությունների մասին։
Ըստ Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պետական ծառայողը (բացառությամբ Վրաստանի նախագահի, Վրաստանի խորհրդարանի անդամի և Վրաստանի կառավարության անդամի) իրավունք չունի կատարելու որևէ վճարովի աշխատանք:
Բացառությամբ՝
- գիտական
- մանկավարժական
- ստեղծագործական գործունեություն
- Վրաստանի պաշտպանության ուժերի պահեստազորում գործունեություն
- Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում բժշկական աշխատանք
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- պետական ավիացիայի ոլորտում
- պետական մասնակցությամբ ստեղծված ձեռնարկությունում աշխատող անձի կողմից իրականացվող գործունեություն,
- արտասահմանում, միջազգային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնել, որն իրականացվում է միջազգային գործընկերության և/կամ խաղաղապահ գործողությունների նպատակների իրականացման համար):
Սակայն պետական ծառայողը, ով պետք է աշխատի վերոնշյալ բացառություններով, պետք է ունենա համապատասխան հաստատության ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնություն, բայց մեկ անգամ, ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով։
Պետական ծառայողը չի կարող զբաղեցնել պետական պաշտոն այլ երկրում։
Նույն հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ պետական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող անձն իրավունք ունի՝
ա) կատարել ցանկացած վճարովի աշխատանք միայն համապատասխան հաստատության ղեկավարի կամ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված լիազորված անձի/մարմնի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա՝ կոնկրետ աշխատանքին համապատասխանող ժամանակահատվածում, բայց մեկ անգամ, ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով,
բ) զբաղեցնել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված ակադեմիական պաշտոն միայն համապատասխան հաստատության ղեկավարի կամ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված լիազորված անձի/մարմնի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա՝ կոնկրետ գործունեությանը համապատասխանող ժամանակահատվածում,
գ) ստանալ այլ արտոնություններ միայն համապատասխան հաստատության ղեկավարի կամ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված լիազորված անձի/մարմնի գրավոր համաձայնությամբ:
Նույն օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ օրենքը խախտելու դեպքում անձը կենթարկվի պատասխանատվության։ Նա կազատվի զբաղեցրած բոլոր պաշտոններից և աշխատելու իրավունք չի ունենա հանրային ծառայությունում, ինչպես նաև նույն հաստատությունում և/կամ այս կետով նախատեսված այլ հաստատությունում, ազատման օրվանից 2 տարվա ընթացքում: Բացի այդ, նա պարտավոր է համապատասխան հաստատության բյուջե վճարել փոխհատուցում՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու պարտավորության առաջացման օրվանից մինչև նշված պաշտոնից ազատումը՝ ստացված վարձատրության չափով։
Չնայած նրան, որ օրենքում նշված է թե ու՞մ է վերաբերվում և ի՞նչ բացառություններ են գործում, միևնունն է, շատերի մոտ առաջանում են հարցեր։
Օրենքում իրականացվելիք փոփոխությունններին ավելի մանրամասն ծանոթանալու համար մենք նամակով դիմեցինք Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային։ Jnews-ի հարցերին պատասխանում է ասոցիացիայի անդամ, քաղաքացիական և վարչական իրավաբան Անա Գեծաձեն։
Իրավաբանը պարզաբանում է․ «Քննարկվող փոփոխությունները կտրուկ խստացնում են «համատեղելիությունը» պետական հատվածում: Սուբյեկտների շրջանակը միավորվում և ընդլայնվում է: Թույլտվությունների տրամադրման և, հետևաբար, պատժամիջոցների նկատմամբ վարչական վերահսկողությունն ուժեղացվել է, և բացառություններ սահմանելու հնարավորությունը մասամբ փոխանցվել է կառավարությանը: Հակակոռուպցիոն բյուրոն օժտված է նշանակալից պատժամիջոցային և ընթացակարգային գործառույթներով: Հիմնական գործառույթները՝ տուգանք, նախազգուշացում, հրապարակայնություն»։
Օրենքում իրականացվելիք հերթական փոփոխությունների մասին իրավաբանն ասում է․
1․ Պետական ծառայողը և լայն շրջանակի այլ աշխատակիցներ, վճարովի գիտական/մանկավարժական/ստեղծագործական և սպորտային գործունեություն կարող են ունենալ միայն հաստատության ղեկավարի կամ այլ լիազոր մարմնի համաձայնությամբ:
2․ Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո կառավարությանը լիազորություն կտրվի որոշելու, թե ո՞ր հաստատություններում, ո՞ր գործունեությունը կամ գործառույթները կարող են թույլատրված համարվել պետական հատվածում նույն գրավոր համաձայնությամբ՝ 1 տարի ժամկետով:
3․ Պատժամիջոցը խստացվել է և ավելացվել է փոխհատուցման բաղադրիչը։ Հակակոռուպցիոն բյուրոն իրավունք կունենա տուգանքներ սահմանել հայտարարագիր/բացթողում չներկայացնելու համար, իսկ նախազգուշացումը կտրվի բյուրոյի անունից:
Չնայած դեռ շատ հարցեր են առաջանում, սակայն առավել պարզ ու հասկանալի կլինի միայն օրենքի կետերն ու դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո։