նորություններ 28 Հուլիսի, 2025 • Ախալքալաքն առանց մանկապարտեզների. ձգձգվող վերականգնման գործընթացը

Ախալքալաքի բոլոր երեք նախադպրոցական հաստատություններն անցյալ տարի, վերանորոգման նպատակով, փակվել էին։ Դա դժգոհություն առաջացրեց նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների շրջանում՝ թե՛ քաղաքում, թե՛ որոշ գյուղերում։ Հաստատությունները փակվել էին 2024 թվականին և, ըստ մրցութային փաստաթղթերի, պետք է շահագործման հանձնվեին 2025 թվականի փետրվարի սկզբին (թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ) և ապրիլի սկզբին (թիվ 3 մանկապարտեզ): Սակայն շահագործման հանձնելու ժամկետները հետաձգվել են առնվազն մեկ տարով: Նոր, թվով չորրորդ մանկապարտեզը կառուցված է, բայց դեռևս շահագործման չի հանձնված։

Տեղական իշխանությունները հույս ունեին, որ 2025 թվականի աշնանն՝ ամառային արձակուրդներից հետո, երեխաները կվերադառնան վերանորոգված կամ նոր մանկապարտեզ։

Jnews-ը մինչև հիմա բողոքներ է ստանում ծնողներից, ովքեր կարծում են, որ իրենց երեխաները զրկվել են նախադպրոցական հաստատություններ հաճախելու հնարավորությունից։ Քաղաքի մանկապարտեզների դաստիարակները, որոնք ժամանակավորապես աշխատում են այլ մանկապարտեզներում, ծայրահեղ նեղ պայմաններում, նույնպես դժգոհ են։ Նրանց վերադարձը իրենց շենքեր ավելի ու ավելի է ձգձգվում։

«Մենք նույնպես ստանում ենք բողոքներ, բայց մանկապարտեզները չէին համապատասխանում չափանիշներին։ Մենք նույնպես չէինք ուզում դրանք փակել, բայց չկարողացանք հրաժարվել։ Հույս ունեինք, որ ամեն ինչ կկառուցեն մեկուկես տարվա ընթացքում, ուստի համաձայնեցինք», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը։

Ախալքալաքի բոլոր երեք մանկապարտեզն էլ անցյալ տարի միաժամանակ վերանորոգման նպատակով փակվեցին։ Տեղական իշխանությունները հույս ունեին, որ մեկուկես տարվա ընթացքում քաղաքը կունենա երեք ժամանակակից նախադպրոցական հաստատություն, սակայն շինարարության ժամանակացույցի խափանումը բոլորին անհարմար դրության մեջ դրեց։

2024 թվականի սեպտեմբերին Jnews-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանից պարզել էր, թե ինչու է որոշում կայացվել միանգամից փակել բոլոր երեք մանկապարտեզները։

Ինչու Ախալքալաքի 3 մանկապարտեզը միանգամից փակվեցին վերանորոգման համար

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը այն ժամանակ պարզաբանեց, որ մունիցիպալիտետի բախտը բերել է, քաղաքի բոլոր երեք մանկապարտեզներն էլ ընդգրկվել են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծում։ Նրանցից յուրաքանչյուրի համար հատկացված է 3 միլիոն լարի։ Նրա խոսքով, երբ որոշում էին կայացրել միաժամանակ փակել բոլոր երեք մանկապարտեզները, գիտակցում էին, որ բողոքներ կլինեն, բայց հույս ունեին, որ մարդիկ ըմբռնումով կմոտենան։

«Լավ է մանկապարտեզները փակվեն 3-4 ամսով, բայց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների համար լավ կլինի։ Եթե այդ պահին հրաժարվեինք, ապա վերականգնումը կմնար տեղական բյուջեի վրա, քանի որ 2027 թվականին բոլոր մանկապարտեզները պետք է լիազորագրվեն։ Մեր բախտը բերեց։ Իսկ այն միջոցները, որոնք մենք պետք է ծախսեինք նրանց վրա, կծախսենք գյուղական մանկապարտեզների վրա, որպեսզի նրանք նույնպես համապատասխանեցնենք եվրոպական չափանիշներին»,- ասել էր Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Այժմ ծնողները շարունակում են հուսալ, որ շինարարությունն ու վերանորոգումը, այնուհանդերձ, կավարտվեն մոտակա ժամանակահատվածում, և նախադպրոցական հաստատությունները, 2026 թվականին, կբացեն իրենց դռները երեխաների առջև։ Չնայած Ախալքալաքի շատ նախադպրոցական տարիքի երեխաներ վերականգնողական աշխատանքների պատճառով արդեն դպրոց կհաճախեն առանց նախադպրոցական կրթության։ 500-ից ավելի երեխաներից միայն աշխատող ծնողների մոտ 60 երեխա կարողացան հաճախել գյուղական մանկապարտեզներ, քանի որ քաղաքի մանկապարտեզների բոլոր երեխաների համար տեղ չկա։

Նշենք,որ Ախալքալաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այդ աշխատանքների մրցույթները հայտարարվել էին դեռ անցյալ տարի։ Թիվ 1 և թիվ 2 նախադպրոցական հաստատությունների շենքերի վերանորոգման մրցույթը հայտարարվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման մրցույթը՝ 2023թ.-ի նոյեմբերի 14-ին:

Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 միլիոն 522 հազար լարիի մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը, թիվ 2 մանկապարտեզի վերանորոգումն ընթացքի մեջ է, թիվ 1 մանկապարտեզի շինարարությունը դեռ չի սկսվել։

Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումը, որն իրականացնում էր ՍՊԸ «Լագի Կապիտալի»-ը 3,261,495 լարի արժողությամբ, դադարեցվել է։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամից հայտնեցին, որ կհայտարարվի նոր մրցույթ, սակայն ժամկետները չհստակեցրին:

Ախալքալաքի թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոցի) տարածքում կառուցվող նոր, թվով չորրորդ մանկապարտեզի շահագործման հանձնումը հետաձգվում է։ Պատճառն անհասկանալի է. կառուցապատողը պնդում է, որ ամեն ինչ կառուցված է, բայց պատվիրատուն չի շտապում ընդունել օբյեկտը։ Սա առաջին դեպքը չէ, որ օբյեկտի շահագործման հանձնումը հետաձգվում է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝