նորություններ 28 Հուլիսի, 2025 • Սեր լեզվի ու մշակույթի հանդեպ, որը տարավ Չինաստան․ Հասմիկի պատմությունը

Հասմիկ Տոներյանը 2024-2025 ուսումնական տարին անցկացրել է Չինաստանում՝ Shandong Normal University-ում, որտեղ ուսումնասիրել է չինարենի լեզուն և Չինաստանի մշակույթը։ Մեր հերոսուհին Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից է։ Սովորում է Թբիլիսիի Պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետում՝ միաժամանակ կերպարվեստի և սինոլոգիայի բաժիններում։

«Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Սկզբում սկսեցի ուսումնասիրել չինարենը, հետո այն դարձավ իմ երկրորդ մասնագիտությունը, իսկ այս ամենին հետևեց ուսումը Չինաստանում շարունակելու որոշումը։ Թե՛ չինարեն սովորելու, և թե՛ Չինաստանում ուսումը շարունակելու շարժառիթը սերն էր այս լեզվի, մշակույթի հանդեպ»։

hasmik 4

Հասմիկն ասում է՝ սկզբնական շրջանում որևէ դժվարության կամ անսպասելի իրավիճակի չի բախվել կամ դրանք աննշան են եղել, որ չի հիշում։

«Անսպասելի իրավիճակներ ևս չեն եղել, միգուցե որովհետև մինչ մեկնելը բավականին տեղեկացված էի՝ ուսուցիչներիս և համացանցի օգնությամբ»։

hasmik 1

Հասմիկը տպավորված է Չնաստանի կրթական համակարգից, պատմում է՝ դասավանդման որակը մեր երկրի հետ համեմատած բավականին բարձր է։ Նրա համար ամենատպավորիչը եղել է ուսուցիչների վերաբերմունքը իրենց աշխատանքին, այն, որ չին ուսուցիչները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին։ Եվ իհարկե՝ համալսարաններն ավելի շատ են հագեցված տեխնիկայով ու ամեն ինչ հարմարեցված է ուսանողներին։ Ամեն ինչ մի տեղում է՝ ուսումնական շենքերը, հանրակացարանները, ճաշարանները և այլն, ինչը ուսանողներին կյանքը բավականին հեշտացնում է։

Հասմիկ Տոներյանի խոսքով, մշակութային տարբերություններն ակնհայտ են հենց առաջին պահից։ Ամենամեծ մշակութային շոկը կապված է եղել ուտելու մշակույթի հետ։

«Մեկ հոգու համար նախատեսված ուտեստի մեծությունը, ուտելիքի բազմազանությունն ու շատությունը, և իհարկե՝ բարձր ձայներով ուտելը (արդարադատության համար պետք է նշեմ, որ ոչ բոլորն են այդպես ուտում, երիտասարդները խուսափում են այդպիսի պահվածքից): Ծնողների հանգիստ վերաբերմունքը երեխաների հանդեպ նույնպես զարմացնող էր։ Շատ հաճախ տեսնելով չինացի փոքրիկների չարաճճիությունները և նրանց ծնողների հանգիստ պահվածքը, կարծես ոչինչ չի եղել, օտարերկրացի ընկերներիս հետ կատակում էինք, թե ինչ պատժի կարժանանայինք մեր մայրիկի կողմից, եթե այդ չինացի փոքրիկի փոխարեն լինեինք մենք։ Տատիկների ու պապիկների ապրելակերպը ևս զարմացնում էր. նրանք իսկապես վայելում են իրենց ծերությունը։ Նրանց հետ երեկոյան ժամերին պարելը դարձել էր մեր սիրելի սովորույթներից մեկը»։

hasmik 7

hasmik 6

hasmik 5

Չինաստանում անցկացրած տարին Հասմիկի կյանքում կարևոր շրջադարձ էր․

«Այն օգնեց ինձ դառնալ ավելի ինքնավստահ և ազատ թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ։ Տարբեր ազգության մարդկանց հետ շփումը օգնեց աշխարհայացքի ընդլայնման հարցում, նաև ստիպեց գնահատել այն ամենը, ինչ ունեմ»։

Խոսելով ապագայի ծրագրերի մասին, նա անկեղծանում է՝ Թբիլիսիում բակալավրիատն ավարտելուց հետո ցանկանում է մագիստրատուրան շարունակել Չինաստանում։

«Թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե մեր շրջանում լինի աշխատանքի հնարավորություն, ես մեծ սիրով կվերադառնամ»։

hasmik 2

hasmik 3

Իսկ նրանց, ովքեր երազում են սովորել արտերկրում, բայց վախենում են քայլ անել, Հասմիկն ունի ուղիղ պատգամ․

«Վախենալու կարիք չկա։ Եթե կա այդպիսի հրաշալի շանս, պետք չէ այն ձեռքից բաց թողնել»։

Նրա սերը Չինաստանի հանդեպ ծնվել է ֆիլմերի և ճամփորդական հաղորդումների շնորհիվ։

«Հետագայում համալսարանում ավելի խորը ուսումնասիրելով լեզուն, պատմությունը, մշակույթը՝ այդ սերը գնալով ավելի մեծացավ»։

Հասմիկը նկատում է նաև, որ այդ մեկ տարվա ընթացքում, երբ ինքը Չինաստանում էր, Ջավախքում մի շարք դրական փոփոխություններ են տեղի ունեցել։

«Իմ կարծիքով դրան նպաստել է Վրաստանի կառավարության կողմից հայտարարված նոր ծրագրերը։ Մարդկանց կարծիքը Չինաստանի և չինարեն լեզվի հանդեպ փոխվել է դեպի լավը»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝