Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն, երկրում և Ջավախքում, այն կարող է տեղի ունենալ առանց ընդդիմադիր կուսակցությունների և դիտորդական կազմակերպությունների մասնակցության։ Վերջիններիս մասնակցությունը կախված է ընդդիմադիր կուսակցությունների ընտրություններին մասնակցելու հանգամանքից։
«Համաքաղաքացիական շարժում — Բազմազգ Վրաստան» (PMMG) ոչ կառավարական կազմակերպությունը մոտ 20 տարի է Ջավախքում, ընտրությունների օրը, դիտորդություն է անում։ Կազմակերպությունն ընդգրկում էր Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գրեթե բոլոր գյուղերը և իրականացնում էր ինչպես երկարաժամկետ դիտորդություն, այնպես էլ` քվեարկության օրը։ Սակայն, այս տարի կազմակերպությունը դիտորդական առաքելություն չի իրականացնի Ջավախքում, քանի որ նոր օրենսդրությունը սահմանափակել է դոնորների ֆինանսավորումը։
«Գումար չկա, դոնորները միջոցներ չեն հատկացնում օրենքի պատճառով», — ասում է PMMG քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը։
Նրա կարծիքով, իրենց բացակայությունը Ջավախքում անպայման կազդի ընտրական գործընթացի վրա, քանի որ առանց իրենց մոնիթորինգի ավելի հեշտ կլինի կեղծել ընտրությունները, եթե ինչ-որ մեկը ցանկանա դա անել։
«Իրականում մենք այն գործոններից մեկն էինք, որոնք կանխում էին զանգվածային ընտրակեղծիքները։ Մենք շատ լավ գիտենք մարզը, շատ լավ գիտենք խաղացողներին, և կեղծիքի ցանկացած փորձ խնդրահարույց կլիներ։ Իհարկե, ամեն ինչ էլ եղել է, բայց ավելի փոքր մասշտաբով, քան կարող է տեղի ունենալ առանց մեր մոնիթորինգի։ Շատ վատ կլինի, եթե մենք իրականում այնտեղ չլինենք։ Այնտեղ ընդդիմադիր կուսակցություններ չկան, և չկան երաշխիքներ, որ ընտրություններն ավելի ազնիվ կլինեն», — ասաց Առնոլդ Ստեփանյանը։
Հարկ է նշել, որ կազմակերպությունն ընտրական գործընթացի դիտորդություն է արել ոչ միայն Ջավախքում, այլև Քվեմո Քարթլիի, Կախեթի, Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Թբիլիսիի շրջաններում։
Սակայն, Առնոլդ Ստեփանյանը հավելում է, որ իրավիճակը փոխվում է ամեն օր, և եթե ընդդիմադիր կուսակցությունները մասնակցեն, կազմակերպությունը կփորձի դիտորդություն կազմակերպել գոնե կամավորների օգնությամբ։
«Դեռ չգիտեմ։ Եթե դոնոր գտնվի, մենք կարող ենք կրկին դիտորդական առաքելություն անցկացնել։ Եթե մասնակցեն առնվազն երկու կուսակցություն՝ «Լելոն» և Գախարիայի կուսակցությունը, մենք կփորձենք ուղարկել գոնե մի քանի կամավորի։ Իրավիճակը փոխվում է ամեն օր։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իշխանությունների հարաբերությունները դեսպանատների կամ միջազգային գործընկերների հետ։ Ամեն ինչ կախված է դրանից», — նշում է «PMMG» կազմակերպության նախագահը։
Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերությունը (ISFED), որն ամենամեծ տեղական դիտորդական կազմակերպությունն էր, նույնպես այս տարի չի մասնակցում ընտրություններին։ Կազմակերպությունը տարիներ շարունակ դիտորդական առաքելություն է իրականացնում Ջավախքում։
«Արդար ընտրություններ» կազմակերպությունից Jnews-ին ասացին. «Մենք դեռ չգիտենք, ընդդիմադիր կուսակցությունները դեռ չեն կողմնորոշվել, մեր մասնակցությունը կապված է դրա հետ։ Մինչև օգոստոսի 11-ը ոչինչ չենք կարող ասել»։
Տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների բացակայությունը սրվում է ընդդիմադիր կուսակցությունների անորոշ դիրքորոշմամբ, որոնք դեռևս որոշում չեն կայացրել իրենց մասնակցության վերաբերյալ։ Սահմանափակ ֆինանսավորման և քաղաքական անորոշության պայմաններում շրջանի ընտրական գործընթացի ճակատագիրը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան Վրաստանի իշխանությունների և միջազգային գործընկերների միջև հարաբերությունները առաջիկա շաբաթներին։
Հարկ է նշել, որ անցյալ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել 102 տեղական և 76 միջազգային կազմակերպություն։ 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները դիտարկել են 64 տեղական և 29 միջազգային կազմակերպություն։