Ախալքալաք 14-րդ զինվորական գորոդոկի թիվ 8 շենքի բնակիչները վնասներ են կրել անձրևների հետևանքով, երբ շենքի տանիքը քանդել էին վերանորոգման նպատակով, սակայն ոչ բոլորն են փոխհատուցում ստացել։
Jnews-ը «Հեղեղված բնակարաններ՝ տանիքի վերանորոգման արդյունքում» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ շենքի տանիքի վերանորոգման ընթացքում վնասվել են որոշ բնակիչների բնակարանները։
Ընդգծենք, որ վերոնշյալ շենքի տանիքի վերանորոգման համար Ախալքալաքի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել, որը հաղթել էր ՍՊԸ «Գոլդ 777» ընկերությունը՝ 137,077.68 լարի գումարով։
Սակայն, աշխատանքների ժամանակ, ուժեղ անձրևները հասցրել էին լրջորեն վնասել շենքի որոշ բնակարաններ։ Ջուրը լցվել էր բնակարաններ՝ առաջացնելով նյութական վնաս բնակիչներին։ Շուրջ մեկ ամիս առաջ բնակիչները դիմել էին Jnews-ին՝ հարցադրելով՝ արդյոք որևէ մեկը պատասխանատվություն է կրելու պատճառված վնասի համար և փոխհատուցում տրամադրելու են։
Թիվ 8 շենքի բնակիչ Արտավազդ Ռստակյանը նշում է, որ փոխհատուցում արդեն ստացել է․
«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ընկերությանը, որ նրանք ըմբռնումով մոտեցան, ուշադրություն դարձրեցին ու փոխհատուցում տրամադրեցին»,- ասաց նա։
Սակայն բոլոր բնակիչները նույն փորձառությունը չեն ունեցել։ Տուժածներից Շահեն Վարդանյանը որևէ փոխհատուցում չի ստացել։
«Մինչ այսօր ոչինչ չի փոխվել, որևէ փոխհատուցում չեմ ստացել, ամեն ինչ մնացել է նույն ձևով», — ասում է նա։
Հարցը պարզելու համար Jnews-ը կապ հաստատեց ՍՊԸ «Գոլդ 777» տնօրենի օգնական Վարդ Մոսոյանի հետ։
«Մեզ մի բնակիչ է դիմել, մենք նրան փոխհատուցում տրամադրել ենք։ Ինչ վերաբերում է դժգոհություններին՝ այդ մասով ես տեղյակ չեմ, բայց կգնամ ու կպարզեմ»։
Նշենք, որ թեև շինարարական ընկերությունը հանդես է եկել որոշակի փոխհատուցմամբ, բոլոր տուժածներին աջակցելու հարցը դեռևս մնում է անհստակ։