Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի առաջին նրբանցքի թիվ 3 բազմահարկ շենքի բնակիչը բողոքում է, որ արդեն չորս տարի շարունակ իր խնդիրը մնում է անլուծելի։ Ըստ նրա՝ նույնիսկ թեթև անձրևից հետո բնակարանն ամբողջությամբ լցվում է ջրով։
«Չորս տարվա ընթացքում բազմիցս դիմել եմ քաղաքապետարան, մի քանի անգամ դիմում եմ գրել։ Միայն հարևաններս են ստորագրել, բայց երբեք չեն եկել ինձ հետ։ Վերջին հարկում եմ ապրում, այդ պատճառով հենց իմ տունն է ամենաշատը վնասվում։ Անձրևների ժամանակ ամաններ եմ շարում, որ ջուրը հատակով չհոսի», — ասում է Աղմաշենեբելի փողոցի առաջին նրբանցքի թիվ 3 բազմահարկ շենքի բնակիչ Անթառամը Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այս տարի խոստացել են վերանորոգել շենքի տանիքը, և ինքը հույս ունի, որ այդպես էլ կլինի։
«Ասացին, որ էլ քաղաքապետարան չգնամ, համապատասխան քայլեր կձեռնարկվեն», — նշում է Անթառամը։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պատասխանատու Արա Մովսիսյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ծրագիր չկա տվյալ շենքի տանիքի վերանորոգման համար։
«Այս պահին նախատեսված չէ տվյալ շենքի տանիքի վերանորոգումը, բայց հնարավոր է, որ ծրագիրը ներառվի հաջորդ տարվա ծրագրերում», — ասաց Արա Մովսիսյանը։
Նշենք, որ Աղմաշենեբելի փողոցի առաջին նրբանցքի թիվ 3 բազմահարկ շենքի տանիքն ամբողջությամբ վատ վիճակում է, բայց որոշ բնակիչներ սեփական միջոցներով ժամանակավոր փակում են տանիքի վնասված հատվածները։