նորություններ 24 Հուլիսի, 2025 • «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը, Ջավախքում, պատրաստվում է ընտրություններին

Հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը մտադիր է ակտիվորեն մասնակցել Ջավախքում անցկացվող ընտրություններին։ Չնայած ընդդիմության ավանդական պասիվությանը շրջանում, կուսակցությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, և քննարկում է ինչպես սեփական, այնպես էլ անկուսակցական թեկնածուներին աջակցելու հնարավորությունը։ Կուսակցության ներկայացուցիչ Սոֆիկո Խորգուանին Jnews-ին պատմեց ծրագրերի, մոտեցումների և դժվարությունների մասին։

Հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել շատ քիչ ընդդիմադիր կուսակցություններ։ Դրանց թվում է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Ջավախքում, ինչպես մյուս շրջաններում, ընդդիմադիր կուսակցությունները շատ պասիվ են։ Նրանք չեն ցանկանում աշխատել Ջավախքի ընտրողների հետ։ Հիմնական պատճառները, նախ, վստահությունն է, որ բնակչությունը կքվեարկի «Վրացական երազանքի» օգտին։ Երկրորդ՝ մարզերում մշտական աշխատանքի համար տնտեսական ռեսուրսների պակասը, այդ իսկ պատճառով կուսակցությունները կենտրոնանում են խոշոր քաղաքների վրա, որտեղ արդեն իսկ ունեն լսարան։ Երրորդ՝ պարզապես այն կապերի բացակայությունը, որոնց միջոցով կարելի էր աշխատանքը կազմակերպել։

Սակայն, մեր դիտարկումների համաձայն, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը Ջավախքում ընտրություններին սկսել է պատրաստվել անցյալ տարվանից։ Մենք կուսակցության ներկայացուցիչ Սոփիկո Խորգուանիից հարցրինք, թե ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները, ունեն արդյոք թիմ և թեկնածուներ։

«Իհարկե, սկսել ենք մեր աշխատանքն այս ուղղությամբ, փնտրում ենք լավ մարդկանց, հուսով ենք, որ այնտեղ կհավաքենք լավ թիմ։ Կան մարդիկ, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում։ Շատ կարևոր է, որ մեր գաղափարներն ու տեսլականները, թե ինչպես պետք է զարգանա երկիրը, համընկնեն։ Հիմա քաղաքականության մեջ լինելը հեշտ չէ, մարդիկ վախենում են, չնայած այն հանգամանքին, որ նրանց շատ բաներ դուր չեն գալիս։ Մարդիկ վախենում են բացահայտ մասնակցել քաղաքականությանը։ Ցավոք, մեր մոտ շատ վատ ավանդույթ ունենք։ Մենք հույս ունենք, որ կփոխենք այն։ Հատկապես այս շրջանում այնպես է ձևավորվել, որ մարդիկ ստիպված են քվեարկել կառավարության օգտին, կարծես այնտեղ բոլորից լավ են ապրում, ու շատ գոհ են կառավարությունից։ Կարծում եմ, միասին կարող ենք փոխել այն», — ասաց Սոֆիկո Խորգուանին։

Հարցին, թե արդյոք կուսակցությունը թիմ ունի Ջավախքում, նա պատասխանեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են և հավելեց.

«Հենց որ որոշում կայացնենք, անպայման կտեղեկացնենք ձեզ։ Մեզ համար ազատ մամուլը լավագույն գործընկեր է»։

Սոֆիկո Խորգուանիի խոսքով, կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր իրենց հետ պատրաստ են մասնակցել քարոզարշավին։ Մարդիկ, ում հետ տարվում են բանակցություններ, տարբեր տարիքի և սեռի են։ Գլխավորը, ըստ կուսակցության ներկայացուցչի, այն է, որ նրանք սիրեն իրենց երկիրը, քաղաքը, գյուղը և պատրաստ լինեն պաշտպանել ժողովրդի շահերը։

Խորգուանին նաև նշեց, որ նախատեսվում է կուսակցության գրասենյակ բացել Ախալքալաքում և Նինոծմինդայում։ Այնտեղ նրանք հույս ունեն գտնել խելացի և գործին նվիրյալ մարդկանց։

«Մենք գիտենք, թե ինչու ենք գնում այս ընտրություններին, և գիտենք, թե ինչու ենք մղում այս պայքարը։ Մենք արդարության, ճշմարտության և ավելի լավ կյանքի կողմնակից ենք։ Հոսով ենք կփոխենք երկրում ստեղծված իրավիճակը։ Մեր շանսերը կախված են մարդկանցից, նրանից, թե ինչպես կքվեարկեն։ Իհարկե, մեր կողմից մենք կլինենք հնարավորինս ակտիվ։ Հույս ունենք մտնել Սակրեբուլո, հենց դրա համար ենք մենք աշխատում, որովհետև Սակրեբուլոն արտաքին կառավարում է», — ընդգծեց Սոֆիկո Խորգուանին։

Սոֆիկո Խորգուանիի խոսքով, իրենք հուշագիր ունեն «Լելո» կուսակցության հետ, որոշ շրջաններում համատեղ թեկնածուի աջակցելու համար, ով հաղթելու մեծ հնարավորություն ունի։ Դրա հետ մեկտեղ, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ անձը կուսակցական լինի։

«Մենք պատրաստ ենք համատեղ աջակցել մեծամասնական թեկնածուի, ով մեծ շանսեր ունի հաղթելու, և պարտադիր չէ, որ նա լինի կուսակցության անդամ։ Մենք այս տարբերակը քննարկում ենք և՛ Ախալքալաքում, և՛ Նինոծմինդայում։ Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում անդամակցել որևէ կուսակցության, բայց պատրաստ են ստանձնել ժողովրդին ծառայելու պատասխանատվությունը։ Մեզ համար կարևորը կուսակցության անդամակցությունը չէ, այլ պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը։ Մենք աշխատում ենք, մենք փնտրում ենք նման մարդկանց։ Եթե կան ազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել ժողովրդի համար, բայց չեն ցանկանում անդամակցել կուսակցությանը, մենք կքննարկենք նաև այս տարբերակը։ Մեր երկու կուսակցություններն էլ պատրաստ են աջակցել նման մարդկանց», — ասաց Սոֆիկո Խորգուանին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝