Հասարակություննորություններ 27 Հուլիսի, 2025 • Ի՞նչ մասնագիտություններ են նախընտրում երիտասարդները

«1+4» կրթական ծրագրով Վրաստանի բուհերում կրթություն ստացող հայ երիտասարդների ընտրած մասնագիտություններն ու ոլորտները հաճախ խոսում են ոչ միայն իրենց անձնական նախասիրությունների, այլ նաև տարածաշրջանային պահանջարկի և հասարակական պարտքի զգացողության մասին։

Jnews-ը խոսել է տարբեր համալսարաններից «1+4» ծրագիրն արդեն ավարտած և մասնագիտություն ընտրել պատրաստվող ուսանողների հետ։ Հասկանալու համար թե ի՞նչ մասնագիտական նախասիրություններ ունեն հայ ուսանողները և արդյո՞ք դրանք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջարկին:

Առաջարկում ենք ծանոթանալ նրանցից մի քանիսի կարծիքներին․

Նադյա Հարությունյանը Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղից է։ Սովորում է Իլիայի պետական համալսարանում։ Այս տարի ավարտել է վրաց լեզվի վերապատրաստական՝ այսպես կոչված 0 կուրսը և պատրաստվում է կրթությունը շարունակել անգլերենի բաժնում։ Նադյան լեզուների հանդեպ ունեցած հետաքրքրությունը փորձում է վերածել մասնագիտության։

«Ես սիրում եմ օտար լեզուներ ուսումնասիրել, որոշել եմ այդ բաժնում սովորել, քանի որ կարծում եմ աշխատաշուկան մեծ է, և տիրապետելով տարբեր լեզուների ավելի հեշտ կլինի համապատասխան աշխատանք գտնել։ Իմ շրջապատում երիտասարդները հիմնականում հետաքրքրված են բանասիրությամբ, բիզնեսի ոլորտով կամ տնտեսագիտությամբ։ Նման մասնագիտություններ ընտրելիս մեծ մասամբ ուսանողները պլանավորում են հետ վերադառնալ իրենց շրջանները»։

Նադյան նշում է նաև, որ ունի ընկերներ, ովքեր սովորում են իրավաբանական կամ օրինակ՝ ճարտարապետական, սակայն ավարտելուց հետո հաճախ չեն ուզում վերադառնալ շրջաններ։ Այդուհանդերձ, լեզվաբանական կրթությունը, ըստ նրա, կարող է լինել՝ և՛ պրակտիկ, և՛ արժեքային ներդրում համայնքի զարգացման համար։

Աստղիկ Մարգարյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում։ Սովորում է Թբիլիսիում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում։ Աստղիկի համար մասնագիտությունը ոչ միայն կարիերայի ուղի է, այլև ինքնության և ազգային արժեքների շարունակության միջոց։

«Մանկուց սեր եմ ունեցել հայոց լեզվի, գրականության ու ազգային մշակույթի նկատմամբ։ Այդ սերն ինձ ուղեկցել է ամբողջ ընթացքում և, կարելի է ասել, հենց դա էլ որոշիչ եղավ մասնագիտության ընտրության հարցում։ Ճիշտն ասած՝ երբևէ չեմ պատկերացրել ինձ մի մասնագիտության մեջ, որը կտրված է իմ արմատներից։ Հայոց լեզուն իմ մեջ ապրող արժեք է՝ ոչ միայն որպես հաղորդակցման միջոց, այլ որպես իմ ինքնության մաս։ Ուսումս ցանկանում եմ շարունակել հայագիտական բաժնում, որովհետև ուզում եմ խորանալ լեզվի, գրականության և մեր մշակութային ժառանգության ուսումնասիրության մեջ։ Գիտեմ, որ այսօր շատերն ընտրում են առավել գործնական ուղղություններ՝ ծրագրավորում, բիզնես, տնտեսագիտություն։ Բայց ես վստահ եմ, որ մեր լեզվի ու մշակույթի պահպանման գործը նույնքան կարևոր է։ Ուզում եմ ոչ միայն ինքս զարգանալ այս ոլորտում, այլ նաև իմ գիտելիքներով ու գործով ծառայել հայրենիքիս։ Իմ ընտրությունը եղել է գիտակցված ու սրտից եկող։ Երբ սիրով ես ընտրում մասնագիտությունդ, նույնիսկ դժվարությունները քեզ չեն վախեցնում։ Իսկ ես պատրաստ եմ դժվարություններին, որովհետև ընտրել եմ մի ուղի, որը լի է հոգևոր արժեքներով ու իմաստով»։

Աստղիկի պես մտածող ուսանողների թիվն այսօր մեծ չէ, սակայն նրանց մոտիվացիան հաճախ դառնում է լուսավոր օրինակ համայնքի մյուս երիտասարդների համար։

Արաքսյա Սիրականյանը ևս Գանձա գյուղից է։ Նա մեկ տարի է, ինչ ուսանող է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում։ Ընդունվել է ընդհանուր բժշկության բաժին՝ համոզված լինելով, որ այս մասնագիտությունն ամենապահանջվածներից է ինչպես այսօր, այնպես էլ ապագայում։

«Սկզբնական փուլը պետական լեզվի ուսուցումն էր։ Վստահաբար կարող եմ ասել, որ հաղթահարելի է, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ընդհանրապես չեն տիրապետում լեզվին։ Բացի այդ, մեկ տարվա ընթացքում հնարավոր է սովորել ցանկացած նոր բան, իհարկե՝ ցանկության դեպքում։ Համալսարանում գոյություն ունեցող մի շարք ոլորտներից ես՝ գիտակցաբար, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, որոշում եմ կայացրել ընտրել ընդհանուր բժշկության բաժինը՝ որպես բոլոր ժամանակաշրջանների պահանջված և իմ կողմից սիրելի մասնագիտություն։ Իմ շրջապատում մեծամասամբ երիտասարդներն ընտրում են բիզնես կառավարման, իրավաբանության, օտար լեզուների ոլորտները՝ ելնելով սեփական նախասիրություններից և պահանջարկից»։

Բժշկի կարիքը հատկապես մեծ է հեռավոր գյուղական բնակավայրերում, իսկ Արաքսյայի նման ուսանողների՝ իրենց համայնքներ վերադառնալու հեռանկարը մեծապես պայմանավորված է նաև կրթական ծրագրերի շարունակական աջակցությամբ։

Կարծիքները տարբեր են, նախասիրությունները ևս, շատերը պլանավորում են մասնագիտանալ և մնալ ավելի լայն աշխատաշուկա ապահովող քաղաքում, շատերն էլ ցանկանում են հետ վերադառնալ իրենց շրջաններ, պատրաստ լինելով իրենց կարողություններով նպաստել հայրենի բնակավայրի զարգացմանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝