նորություններ 23 Հուլիսի, 2025 • Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները

Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) իրականացրած հարցման արդյունքներով՝ նրան վստահում է քաղաքացիների 13%-ը։ Դեռևս մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանին վստահություն էր հայտնել հայաստանցիների 16%-ը։

Չնայած վարկանիշի նվազմանը՝ վարչապետն է գլխավորել ամենավստահելի քաղաքական գործիչների ցանկը։ Երկրորդ տեղում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է (5%), երրորդ տեղում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (4%): Հետաքրքրական է, որ նույն կազմակերպության 2024 թ․-ի սեպտեմբերին արված հարցման արդյունքներով՝ Քոչարյանին վստահություն էր հայտնել հարցվածների ընդամենը 2%-ը։

IRI-ի հետազոտոթյունն իրականացվել է հունիսի 16-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Մասնակցել են Հայաստանի 1505 չափահաս քաղաքացիներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են ՀՀ-ում։ Վեց ամսից ավելի քիչ ժամանակ Հայաստանում բնակվողները չեն ներառվել հարցվողների ցանկում։

Իշխող ուժի վարկանիշը նույնպես անկում է ապրել
2024 թվականի սեպտեմբերին հարցվածների 20%-ն էր նշել, որ եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս տարի հարցվածների միայն 17%-ն է նման պատրաստակամություն հայտնել։

Երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 4%-ով։ Նախորդ տարի ընդդիմադիր դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել հայաստանցիների 2%-ը։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 61%-ը հայտարարել է՝ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։

2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին հնարավոր մասնակցության նախնական պատկերը հետևյալն է՝

  • չի մասնակցելու ընտրություններին՝ 28%,
  • պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել՝ 12%,
  • դժվարացել է պատասխանել՝ ինչ է անելու՝ 22%:

Գործող ինստիտուտներից ամենավստահելին բանակն ու եկեղեցին են
Երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրությունն ամենաշատը վստահում է Զինված ուժերին և եկեղեցուն։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ եկեղեցուն՝ 58%-ը։

Ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն աճել է 10%-ով։

Ուշագրավ է, որ երիտասարդների՝ 18-35 տարեկանների շրջանում եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է՝ ավելի քան 70%։

Հետազոտության շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև պետական կառույցներին։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահություն է հայտնել բնակչության 38%-ը, դատարաններին՝ 31%-ը, իսկ Ազգային ժողովին՝ 24%-ը։

«Երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ»

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) փոխանցմամբ՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49%-ը, կարծում է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։

Երկրի զարգացումը «ճիշտ ուղղությամբ» է ընթանում միայն 36%-ի համոզմամբ։ 2024 թ․-ի սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 46%, իսկ 2023 թ․-ի դեկտեմբերին՝ 50%:

Բացի այդ, Հայաստանի զարգացման ուղղղությունն ուսումնասիրվել է ըստ տարիքային խմբերի։ Հետազոտության համաձայն՝ 18-35 տարեկան հայաստանցիների 54%-ը և միջին տարիքի քաղաքացիների 52%-ը վստահ է՝ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ չի գնում։

Հայաստանի՝ ավելի բարձր տարիքի քաղաքացիներն առավել լավատեսորեն են տրամադրված։ Մասնավորապես՝ 56-ից բարձր տարիքային խմբում հարցվածների 43%-ը կարծիք է հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Թոշակառուների շրջանում այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 47%։

Որո՞նք են ՀՀ-ի կառավարության ձեռքբերումները
Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել, թե Հայաստանի քաղաքացիների դիտարկմամբ՝ վերջին վեց ամիսների ընթացքում որոնք են եղել կառավարության գլխավոր ձեռքբերումները։

Հարցվածների 42%-ի գնահատմամբ՝ վերջին կես տարվա ընթացքում կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Հայաստանցիների 11%-ը որպես ձեռքբերում մատնանշել է ճանապարհաշինությունը, 9%-ը՝ խաղաղության պահպանումը, 7%-ը՝ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը։

Մարդիկ մատնանշել են նաև երկրի գլխավոր խնդիրները։ Ամենամեծ խումբը՝ 44%-ը, երկրի գլխավոր խնդիրը համարում է ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։ Երկրորդ տեղում տնտեսությունն ու գործազրկությունն է՝ 14%, իսկ երրորդում՝ քաղաքական անկայունությունը՝ 12%։

Կաջակցե՞ք, թե՞ դեմ կլինեք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին

Արձագանքելով այս հարցին՝ քաղաքացիների 47%-ը հայտնել է` կողմ է և կաջակցի պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես՝ հարցվածների 29%-ն ասել է, որ լիովին կողմ է և կաջակցի, 18%-ն ասել է, որ ավելի շուտ կողմ է և կաջակցի։ Հարցվածների 7%-ը նշել է, որ ավելի շուտ դեմ է, 33%-ը միանշանակ դեմ է արտահայտվել։

10%-ը հայտնել է, որ իր դիրքորոշումը կախված կլինի խաղաղության պայմանագրի վերջնական պահանջներից, 2%-ն էլ դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական առավելությունների շարքում հայաստանցիները նշել են

  • խաղաղության հաստատումը (74%),
  • տնտեսական զարգացումը (9%),
  • տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը (8%),
  • ճանապարհների ապաշրջափակումը (6%),
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ համերաշխությունն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (2%):

Հետաքրքրական է, որ IRI-ի հարցման համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան Իսրայելի հետ միասին ձևավորում են ՀՀ-ի հետ «ամենավատ հարաբերություններն» ունեցող երկրների եռյակը։

«Կողմ ենք Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանը»

Հարցման մասնակիցների 49%-ը հայտարարել է, որ կողմ կքվեարկեր Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցությանը, եթե այդ հարցով հանրաքվեն անցկացվեր առաջիկա կիրակի։ 15%-ն ասել է, որ դեմ կքվեարկեր, 31%-ը՝ չէր մասնակցի քվեարկությանը։ 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Հեղինակները քաղաքացիներից հետաքրքրվել են՝ ո՞րն է ԵՄ-ին անդամակցելու հիմնական առավելությունը։ Ի պատասխան՝ նրանք ընտրել են թվարկված տարբերակներից որևէ մեկը՝

  • անվտանգության ամրապնդում- 37%,
  • տնտեսության հզորացում- 18%,
  • երկրի զարգացում- 10%,
  • վիզաների ազատականացում- 5%,
  • ժողովրդավարության զարգացում- 5%,
  • խաղաղություն- 4%,
  • ռուսական ազդեցության թուլացում- 2%,
  • ավելի լավ ապագա- 2%,
  • քաղաքակիրթ երկրների միանալ- 1%,
  • աշխատատեղերի ստեղծում- 1%։

Բացի այդ, հարցվածների 6%-ն ընտրել է «Այլ առավելություններ» տարբերակը, 2%-ը նշել է, որ ոչ մի առավելություն չկա, իսկ 8%-ը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել հարցին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝