«Բաթումելեբի» լրատվամիջոցը գրել է, որ Վրաստանի եկամուտների ծառայությունը իրենց նկատմամբ կիրառել է բանկային հաշիվների արգելանք` պաշտոնական պատճառը նշելով հարկային պարտավորվածությունը։
Լրատվամիջոցից հայտարարել են, որ «այդ քայլը նպատակ է հետապնդում լռեցնելու լրատվամիջոցը, և միաժամանակ դա կալանքի տակ գտնվող Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է»։
«Հուլիսի 1-ին «Բաթումելեբի»-ին զանգահարել են եկամուտների ծառայությունից և հայտնել, որ պարտք ունենք, որը պետք է մարվի 5 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվի ինկասո, այնուհետև կբռնագանձվի գույքը, և կսկսվի հարկադիր կատարման գործընթաց։ Այսինքն՝ Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոն կվաճառի «Բաթումելեբի»-ի ունեցվածքը, ներառյալ խմբագրության տեխնիկական սարքավորումները և գրասենյակը»,- նշված է հայտարարության մեջ։
«Բաթումելեբի»-ն հայտնել է, որ այս պահին պետական բյուջեի նկատմամբ իրենց պարտքը կազմում է 47 հազար լարի, իսկ տոկոսները՝ 126 հազար լարի, ու կա ևս 109 հազար լարիի չափով տուգանք։ Սակայն լրատվամիջոցը հավելել է, որ այդ պարտավորություններն իրենք կատարում էին ամսական կտրվածքով։
Նրանց տեղեկացմամբ՝ «Բաթումելեբի»-ն հարկային օրենսգրքի համաձայն դիմել է եկամուտների ծառայությանը՝ պարտքի վճարման ժամանակացույց առաջարկելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
Եվ հուլիսի 17-ին նրանց հաշիվներին արդեն դրվել է ինկասո։
«Վերջին շաբաթում նախատեսված գանձումը և մյուս բոլոր գործողությունները նպատակ ունեն ճնշելու Մզիա Ամաղլոբելիին, ապա ոչնչացնելու նրա ստեղծած մեդիա կազմակերպությունը։ Դա հաստատում է մեկ պարզ օրինակ` Եկամուտների ծառայության 2025 թվականի մայիսի 21-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Իմեդի» հեռուստաընկերության պարտքը բյուջեին կազմում է 17 միլիոն լարի։ «Ռուսթավի 2»-ը բյուջեին պարտք է 25 միլիոն լարի», — գրել է «Բաթումելեբի»-ն։