նորություններ 25 Հուլիսի, 2025 • Խավեթում մարզասրահ է կառուցվում

Խավեթ գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված գումարներն արդեն երկու տարի է ուղղվում են մարզասրահի կառուցմանը։

«2024 թվականին մարզասրահի աշխատանքների շարունակման համար տեղական բյուջեից հատկացվել է 33,500 լարի։ 2025 թվականին մոտավորապես նախատեսվում է ևս 31,400 լարի տրամադրել, որպեսզի գործը լիովին ավարտին հասնի», – ասում է Խավեթից ընտրված Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Հրաչ Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ մարզասրահի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի այս տարի։

«Հստակ չգիտեմ՝ մրցույթը հայտարարված է, թե ոչ, բայց այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտել», – հավելում է պատգամավորը։

Նշենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրով Խավեթ գյուղին հատկացվող տարեկան գումարը կազմում է 12,000 լարի։

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների պատասխանատու Արա Մովսիսյանը նշում է, որ մարզասրահի կառուցման աշխատանքներին տրամադրվել է 150% համաֆինանսավորում։

«Օգնություն գյուղին» ծրագրի գումարին մենք տեղական բյուջեից  հատկացրել ենք 150% համաֆինանսավորում։ Դա մեզ հնարավորություն է տվել շարունակել ու ընդլայնել աշխատանքները», – ասում է Արա Մովսիսյանը։

Գյուղում մարզասրահի կառուցումը դիտվում է որպես կարևոր և անհրաժեշտ ներդրում։

«Մեզ մոտ երիտասարդները զբաղվելու տեղ չունեն։ Այս մարզասրահը կլինի միակ տեղը, որտեղ երեխաները կկարողանան սպորտով զբաղվել, հավաքվել, ժամանակ անցկացնել։ Տարիներ շարունակ ասում էին՝ մի բան պիտի արվի, հիմա տեսնում ենք՝ արդեն սկսված է», – ասում է գյուղի բնակիչներից մեկը։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝