Երբ խոսվում է կրթության մատչելիության, սահմանների վերացման և նոր մտածողության ձևավորման մասին, հաճախ նշվում է Erasmus+ ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ երիտասարդներ կարողանում են իրենց երազանքներն իրականացնել, ճանապարհորդել և կրթվել։ Բայց ի՞նչ կլինի, եթե այս հնարավորությունը դադարեցվի, այս մասին Jnews-ը խոսել է երիտասարդների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձառությամբ և կարծիքով:
Ասյա Սիրականյանը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից է։ Թբիլիսիի պետական համալսարանը նոր ավարտած աղջիկը՝ մասնագիտությամբ անգլերենի բանասեր և մանկավարժ է, իր մասնագիտական կայացման կարևոր հանգրվաններից է համարում հենց Erasmus+ ծրագիրը։
«Էրազմուս+ մեծ դեր ունի իմ կյանքում։ Այն օգնել է ինձ դառնալ ավելի ինքնավստահ, սովորել աշխատել բազմամշակութային թիմում և ձեռք բերել առաջնորդական ու հաղորդակցման հմտություններ։ Այս ծրագրերը ոչ միայն ուսման, այլև՝ շփման, մշակութային փոխանակման և անձնական զարգացման հրաշալի հնարավորություններ են»,– ասում է Ասյան։
Պատմում է՝ Erasmus+-ի ծրագրերի մասին իմացել է մի քանի տարի առաջ։ Սկզբում միայն տեսական գիտելիքներ ուներ, բայց երբ վերջապես մասնակցեց իր առաջին ծրագրին, հասկացավ, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ նման փորձառությունը։
Նա միշտ փնտրել է նոր հարթակներ և փորձառություններ, որոնք կօգնեն իրեն զարգանալ որպես մասնագետ։ Վերջերս մասնակցել է Հայաստանում կազմակերպված միջազգային թրեյնինգի, որը նվիրված էր համայնքային սոցիալական նախաձեռնություններին։ Ասյայի խոսքով՝ նման փորձառություններն անփոխարինելի են հատկապես ապագա մանկավարժի համար։
Մեր հերոսուհին վստահեցնում է՝ Erasmus+ ծրագիրը մեծ արժեք ունի երիտասարդների համար։ Այն նրանց տալիս է ինքնահաստատվելու, նոր մշակույթների հետ ծանոթանալու, նոր երկրներ բացահայտելու, կրթական ու մասնագիտական հմտություններ զարգացնելու հնարավորություն։
«Եթե այս ծրագիրը չլինի, ապա դա կնշանակի մեկ քայլ հետ՝ դեպի փակ մտածողություն, սահմանափակ հնարավորություններ և կրթական մեկուսացում», — նշում է Ասյան։
Ասյայի կարծիքը կիսում է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից Ժաննա Չոգանդարյանը, ով ևս մասնակցել է տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերի, որոնք անցկացվել են Erasmus+-ի ֆինանսավորմամբ։
«Դեռ դպրոցական տարիքից շատ էի ուզում գնալ այլ երկիր, նոր բան տեսնել ու սովորել, իսկ արդեն ուսանողական տարիներին փորձեցի մասնակցել և իրականացնել մանկությանս երազանքներից մեկը», — կիսվում է նա։
Ժաննան Erasmus+ ծրագրի շրջանակներում եղել է մի քանի երկրներում՝ Հունգարիայում, Գերմանիայում, Չեխիայում, Ռումինիայում, Թուրքիայում և Բուլղարիայում: Նա վստահեցնում է, որ ցանկացած երիտասարդ իր կյանքում անպայման պետք է մասնակցի նմանատիպ ծրագրերի, ծանոթանա սահմաններից դուրս ապրող այլ մարդկանց հետ, կիսվի իր երկրի մշակույթով:
«Սա այն ծրագիրն է, որը չունի ոչ մի բացասական կողմ, մարդուց պահանջվում է միայն ցանկություն։ Ես ծանոթացել եմ շատ երկրներից երիտասարդների հետ, մտերմացել ենք միմյանց հետ և ծրագրից զատ էլ միշտ կապը պահում ենք, հրավիրում ենք Վրաստան։ Շատ կարևոր է ունենալ տարբեր վայրերից ընկերներ, որոնց հետ զարգանում ես և կարողանում ջերմ ու անկեղծ ընկերություն անել», — ասում է Ժաննա Չոգանդարյանը։
Ժաննան վստահեցնում է, որ եթե ծրագիրը Վրաստանում չգործի, ապա երիտասարդները շատ բան կկորցնեն։
Տեղեկության համար նշենք, որ Erasmus+-ը Եվրոպական Միության խոշորագույն ծրագիրն է կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում։ 2021-2027 թվականների ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 26 միլիարդ եվրո՝ ուղղված սոցիալական ներառմանը, կանաչ և թվային վերափոխումներին, ինչպես նաև երիտասարդների ներգրավմանը։
Ծրագիրն ապահովում է շարժունության և միջազգային համագործակցության հարթակ՝ ներառելով ինչպես ուսանողներին և երիտասարդներին, այնպես էլ կրթական հաստատություններին ու կազմակերպություններին։ Վրաստանում այն մեծ տարածում ունի հատկապես մարզերի երիտասարդության շրջանում, որտեղ շատ հաճախ սա դառնում է կրթական ու մասնագիտական առաջընթացի եզակի ճանապարհ։
Եթե ծրագիրը դադարեցվի, ամենախոցելին հենց մարզերի երիտասարդությունն է լինելու։ Նրանք, ում համար այս նախագծերը ոչ միայն կրթություն են, այլև աշխարհընկալման բաց դուռ, ինքնավստահություն ու ակտիվ քաղաքացի դառնալու շարժիչ ուժ։
Erasmus+-ի դադարեցումը կնշանակի միջազգային ցանցից դուրս գալ, որն իր հետևանքով կարող է լուրջ կրթական մեկուսացման պատճառ դառնալ։
Երիտասարդները հուսով են, որ ծրագիրը Վրաստանում շարունակություն կունենա՝ բաց պահելով դեպի աշխարհ տանող հնարավորությունների դռները։
Erasmus+-ը շարժունակության և համագործակցության հնարավորություններ է առաջարկում հետևյալ ոլորտներում՝
- բարձրագույն կրթություն
- մասնագիտական կրթություն
- միջնակարգ կրթություն
- մեծահասակների կրթություն
- երիտասարդություն
- սպորտ