Սյուզաննա Շաքարջյանը ծնվել և մեծացել է Ախալցիխեում։ Միջնակարգ կրթությունը ստացել է քաղաքի №2 հանրային դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նա կայացրել է կարևոր որոշում՝ շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում և կառուցել ապագան կրթության միջոցով։
Չնայած նրան, որ բոլոր ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնել էր, ուսանողական կյանքը հեշտ չէր սկսվում։ Առաջին ու ամենախնդրահարույց դժվարությունը պետական լեզվի՝ վրացերենի իմացության բացակայությունն էր։ Սակայն Սյուզաննան չհանձնվեց։
«Սկզբում բարդ էր։ Բայց ես որոշեցի աշխատել ինքս իմ վրա։ Սկսեցի կարդալ գրքեր, պապիկիս թերթերն ու ամսագրերը։ Բացի այդ, մասնակցում էի երիտասարդական կենտրոնի ծրագրերին, ինչը մեծ ազդեցություն ունեցավ իմ ինքնազարգացման վրա»,- նշում է նա։
Այսօր Սյուզաննան ազատ խոսում է վրացերեն։ Նա վստահ է՝ պետական լեզվին չտիրապետելը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե՛ հասարակական կյանքում ակտիվ լինելու, և թե՛ աշխատաշուկայում մրցունակ լինելու տեսանկյունից։ Սակայն նաև կարևորում է այն հանգամանքը, որ պետությունը ազգային փոքրամասնություններին տալիս է կրթություն ստանալու հնարավորություն իրենց մայրենի լեզվով։
«Սա մեծ քայլ է՝ բազմազանության պահպանման և յուրաքանչյուրի ինքնությունը հարգելու ուղղությամբ»։
Սյուզաննան մասնագիտությամբ տնտեսագետ է։ Մասնագիտացել է տնտեսագիտության, աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտներում։ Բայց նրա հետաքրքրությունները միայն տնտեսությամբ չեն սահմանափակվել։ Նա նաև ուսուցչի պատրաստման ծրագիր է անցել, դպրոցում պրակտիկաներ է կատարել և ներկայումս աշխատում է որպես ավագ ուսուցիչ՝ դասավանդելով քաղաքացիական կրթություն և օտար լեզուներ։
Նրա ուղին վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները՝ աշխատասիրության, համառության և կրթության միջոցով։