նորություններ 22 Հուլիսի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետ սկսվել է խոտհունձը

Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնարկել է խոտհնձի սեզոնը։ Գյուղացիները ակտիվորեն պատրաստվում են ձմռանը՝ խոտ հավաքելով ինչպես սեփական անասուններին անասնակերով ապահովելուն, այնպես էլ վաճառքի նպատակով։

Այն գյուղերում, որտեղ հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, խոտհունձը տարվա կարևորագույն աշխատանքներից է։ Այն սովորաբար սկսվում է հուլիսի կեսերին և շարունակվում մինչև օգոստոսի վերջ։ Այս տարի, սակայն, աշխատանքների մասայական մեկնարկը փոքր-ինչ ուշացել է՝ հաճախակի անձրևների պատճառով։

Բնակիչների խոսքերով՝ եղանակային պայմանները խանգարում են ժամանակին դաշտ դուրս գալուն, ինչի հետևանքով էլ դժվար է կանխատեսել, թե որքան կլինի մեկ տուկ խոտի գինը։ Սովորաբար գները ձևավորվում են սեզոնի կեսին կամ ավարտին՝ կախված առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից։

Անցած տարիների համեմատ՝ գյուղացիների աշխատանքը որոշ չափով հեշտացել է։ Շատերը սկսել են օգտվել ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայից, ինչը զգալիորեն թեթևացնում է ծանր ֆիզիկական աշխատանքները՝ հատկապես շոգ օրերին։

Սակայն դեռ հանդիպում են նաև գյուղացիներ, որոնք խոտը տեղափոխում են ավանդական եղանակներով։

xot 1

Jnews-ի լրագրողը այցելել է Խավեթ և Դավնիա գյուղեր՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

Դավնիայի բնակիչ Հարությունյան Միտուշը նշեց, որ խոտը հավաքում են միայն սեփական անասունների համար։ Նրա խոսքով՝ իրենց հողատարածքներն այնքան էլ շատ չեն։

xot

«Մեր ունեցած տարածքները հազիվ են բավարարում մեր անասուններին։ Կողքի գյուղերում խոտհունձը տևում է 15-20 օր, իսկ մեզ մոտ՝ մինչև երկու ամիս, այդ պատճառով էլ շուտ ենք սկսում», – ասաց նա։

Նա նաև դժգոհեց, որ գյուղ հասնող կոմբայնն ուշանում է, ինչը բացասաբար է ազդում նաև ցորենի ու գարու բերքատվության վրա։

«Եթե տեխնիկան ժամանակին հասնի, ավելի շատ բերք կստանանք», – հավելեց Միտուշը։

Խավեթ գյուղի մեկ այլ բնակիչ Դավիթ Յորդանյանը նշեց, որ անցած տարի մեկ տուկ խոտը վաճառել է 5 լարիով։

«Իմ աշխատանքից դուրս, 1 տուկի ինքնարժեքը մոտ 3 լարի է։ Վաճառում եմ 5 լարիով։ Աշխատանքս չեմ հաշվում, քանի որ գյուղում եմ ծնվել ու մեծացել։ Դա իմ ճակատագիրն է», – ասաց Յորդանյանը։

Այս տարվա խոտհունձի արդյունքները կերևան առաջիկա շաբաթներին։ Բնակիչները հույս ունեն, որ եղանակը կբարելավվի և կկարողանան արդյունավետ օգտագործել ժամանակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝