նորություններ 22 Հուլիսի, 2025 • Ժամկետները լրացել են, աշխատանքները դեռ չեն ավարտվել․ մանկապարտեզների շինարարությունը հետաձգվում է ևս մեկ տարով

Թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շինարարությունը հետ է մնում մրցութային փաստաթղթերում նշված ժամկետներից։ Եթե թիվ 2 մանկապարտեզում ընթանում են շենքի ընդլայնման աշխատանքները, ապա թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարությունը դեռ չի սկսվել։ «Մեդմշենի» ՍՊԸ-ն հայտնել է, որ աշխատանքների ձգձգումը իրենց մեղքով չէ, այլ անկանխատեսելի հանգամանքների պատճառով է, և որ աշխատանքների ավարտման ժամկետը մեկ տարով երկարաձգել են, ու արդեն պատրաստում են փաստաթղթեր մրցույթի պայմաններում փոփոխություն մտցնելու համար։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շինարարությունը պետք է ավարտվեր մինչև 2025 թվականի փետրվարը։ Թիվ 1 մանկապարտեզը նախատեսվում էր կառուցել զրոյից, իսկ թիվ 2 մանկապարտեզը երկու կողմերից ընդլայնել 3 և 7 մետրով։
det sad 2

Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզում վերականգնողական աշխատանքները սկսվել էին 2024 թվականի ամռանը և պետք է ավարտվեին մինչև 2025 թվականի փետրվարը, սակայն ընթացքում առաջացել են կոմունիկացիայի հետ կապված խնդիրներ, որոնք, կապալառուների խոսքով, արդեն լուծվել են։ Այժմ կատարվում են շենքի տարածքի ընդլայնման աշխատանքները։

sadik

Աշխատանքների ղեկավար Անզոր Կապիանիձեի խոսքով, հին շենքի հիմքն արդեն ամրացվել է, անցկացվել են էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը։

sadik1

Այժմ շինարարները մեծացնում են մանկապարտեզի տարածքը. հիմքն արդեն լցրել են, կատարվում է նրա ամրացումը։

«Կոմունիկացիոն աշխատանքների համար մրցույթ հայտարարվեց։ Հետո եկավ ձմեռը, չկարողացանք աշխատել, աշխատանքները ավարտվեցին միայն մայիսի վերջին։ Շինարարական աշխատանքների սկսվելուց անցել է ընդամենը երկու ամիս։ Սկսել ենք տարածքի ընդլայնման աշխատանքները։ Հիմքը ծածկում ենք հատուկ նյութով, որպեսզի խանավություն չանցնի։ Ժամկետը երկարաձգելու համար, այժմ պատրաստում ենք համապատասխան փաստաթղթեր», — ասաց նախագծի ղեկավարը։

Նրա խոսքով, շինարարության ուշացումն ընկերության մեղքով չէր, այլ ջրամատակարարման և կոյուղու համակարգերն անցկացնող կապալառուների աշխատանքի ժամանակ առաջացած խնդիրների պատճառով։

№1 mankapartes

Ինչ վերաբերում է թիվ 1 մանկապարտեզի կառուցմանը, իրականում այն դեռ չի էլ սկսվել։ Մրցույթի համաձայն, այն պետք է ավարտվեր մինչև 2025 թվականի փետրվարը։ Մինչ օրս իրականացվել են միայն ջրամատակարարման և կոյուղու համակարգերի անցկացման աշխատանքներ, որոնց ընթացքում նույնպես խնդիրներ են առաջացել։

«Երկու մանկապարտեզներում էլ կոմունիկացիայի աշխատանքների ժամանակ խնդիրներ առաջացան։ Թիվ 1 մանկապարտեզում, տարածքը փոքր էր, որպեսզի այն համապատասխանի սահմանված չափանիշներին, մենք այն ընդարձակեցինք։ Այնտեղ կոմունիկացիայի հետ կապված խնդիրը դեռևս չի լուծվել, բայց կլուծվի։ Թիվ 2 մանկապարտեզում այս խնդիրն արդեն լուծվել է։ Քանի որ առաջացած խնդիրները կախված չէին մրցույթի պայմաններից, մենք այժմ պատրաստում ենք փաստաթղթեր, շահագործման ժամկետը մեկ տարով երկարացնելու համար», — պատասխանեցին ընկերությունից։

Ախալքալաքի բնակիչները հույս ունեն, որ մանկապարտեզների շինարարությունը կավարտվի նոր մրցույթային ժամկետներում, քանի որ քաղաքում ժամանակակից նախադպրոցական հաստատությունների կարիքը շատ կա։

Մենք շարունակելու ենք հետևել շինարարության ընթացքին և իրավիճակի զարգացման մասին տեղեկացնել մեր ընթերցողներին։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 միլիոն 522 հազար լարիի մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը։

Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարությունը դեռ չի սկսվել

Թիվ 2 մանկապարտեզի վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ընթացքի մեջ է քաղաքի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցումը

Ինչ փուլում են գտնվում քաղաքի մանկապարտեզների շինարարությունը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝