Ախալքալաքի Դարբինյան փողոցում փոսալցման աշխատանքներ են ընթանում։ Տեղի մի բնակիչ կապ է հաստատել Jnews-ի հետ՝ հայտարարելով, որ աշխատանքներն իրականացվում են վատ որակով։
Jnews-ի լրագրողը այցելել է Դարբինյան փողոց՝ անձամբ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Շինարարական աշխատանքների ղեկավար Բերիձե Ադամի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ պլանի՝ ասֆալտը լցվում է երկու շերտով։
Տեղի բնակիչ Էվաջյան Հարությունի խոսքով, Դարբինյան փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները չեն համապատասխանում որակի ստանդարտներին։
«Կիրակի երեկոյան նկատեցի, որ մի հատվածում արդեն ասֆալտ են արել։ Կարծեցի, թե նախ պետք է հողը հանեն, հիմքն ամրացնեն, հետո նոր ասֆալտ անեն։ Բայց այստեղ ասֆալտն ուղղակի հողի վրա են անում։ Ասեցի աշխատողներին՝ մի արեք այսպես, բայց ասողին լսող է պետք։ Հողի վրա ասֆալտ անել չի կարելի, երկար կյանք չի ունենալու։ Զանգահարել եմ նաև Energo Pro Georgia ընկերություն, դիմել եմ քաղաքապետարան», – ասաց նա։
Jnews-ի հետ զրույցում շինարարը վստահեցրեց, որ աշխատանքները կատարվում են պատշաճ կերպով։
«Մենք հողի վրա ասֆալտ չենք լցնում։ Energo Pro Georgia ընկերությունն այս հատվածներում մալուխիներ է անցկացրել, իրենք հողը մաքրում են, իսկ մենք միայն ասֆալտը լցնում ենք», — ընդգծեց է աշխատողներից մեկը։
Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ նաև Energo Pro Georgia ընկերության հասարակական կապերի բաժնի հետ՝ պարզելու, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվել տվյալ հատվածում։
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրականացվել են հողի տակ գտնվող 10 կՎ լարման մալուխների նորացման աշխատանքներ։ Մալուխները վնասված էին, ինչի պատճառով էլ ամբողջությամբ փոխարինվել են նորերով։
Նրա խոսքով՝ մալուխների փոխարինումից հետո զգալիորեն բարելավվել է էլեկտրամատակարարումը, և մոտ 500-ից ավել բաժանորդ այժմ ստանում է կայուն էլեկտրաէներգիա՝ առանց խափանումների։
Ախալքալաքում փոսային նորոգման աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին, աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը: